«Հայկական ընթացք. ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում աշնան սկզբին ակտիվացել է ընդդիմությունը: Գործող իշխանությունների ընդդիմախոսները սկսել են հանրահավաքներ անցկացնել: Բայց դիտորդները նշում են, որ մինչ հիմա բողոքի ակցիաները տպավորիչ չեն ոչ մասշտաբով, ոչ էլ մասնակիցների ոգևորությամբ, գրում է iz.ru-ն։
ՄԳԻՄՕ-ի Կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը կարծում է, որ առայժմ Հայաստանի ընդդիմությունը հաջողության շանսեր չունի։ «Մենք ապրիլ-հունիս ամիսներին տեսանք ելույթներ, ինչ որ պահի դրանք գրավեցին տասնյակ հազարավոր մարդկանց, բայց աստիճանաբար մարեցին, և հարց է, թե ինչո՞ւ նման գործողությունները հիմա կարող են ավելի հաջող լինել: Հիշեցնեմ, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այն ժամանակ ևս շատ էր խոսվում Փաշինյանի ու նրա թիմի ցածր վարկանիշի մասին։ Սակայն, ի վերջո, իշխող կուսակցությունը ստացավ մեծամասնություն և մնաց իշխանության ղեկին»,- նշել է նա։
Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանն էլ կարծում է, որ հայ հասարակության մեջ Փաշինյանի ռեժիմից հսկայական դժգոհություն է կուտակվել, սակայն ներկայիս ընդդիմությունը ժողովրդի հետ ընդհանուր լեզու դեռ չի գտել։ «Բագրատ Գալստանյանն ու իր թիմը մի քանի խնդիր ունեն։ Նախ նրանք կասկածվում են բարձր հակառեյտինգ ունեցող նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր ունենալու մեջ։ Երկրորդ, մենք չենք լսում ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ հետագա անելիքներն Ադրբեջանի հետ հարաբերություններում, ինչպես ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես սահմանազատել ու սահմանագծել։ Այն քաղաքական ուժը, որը լավ մշակված ծրագիր կներկայացնի և կկարողանա մարդկանց համախմբել կխփի ջեքփոթին և իշխանությունն իր ձեռքը կվերցնի կա՛մ փողոցով, կա՛մ ընտրական մեխանիզմներով»,- կարծիք է հայտնել նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը