Ի՞նչ դեր կվերապահվի ՌԴ ԱԴԾ-ին՝ Սյունիքում. Փաշինյանը փակագծեր բացեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության համաձայն` ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ–ն կատարում իր պարտավորությունները։
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» դասախոսության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեջբերելով 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետը՝ «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
«Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10–ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ–ն կատարում իր պարտավորությունները»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Ավելին`հայտարարության կետերից ոչ մեկը, ըստ Փաշինյանի, չի ենթադրում, որ Հայաստանի ինչ-որ ինքնիշխան իրավունք որևէ կերպ սահմանափակվում է։
«Այն, թե ՀՀ 1 ք/մ–ի վրա սահմանելու է որևէ այլ իրավազորություն, չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել»,– վստահեցրել է նա: Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայտարարության հետ կապված խնդիրները շատ են։ Ըստ Փաշինյանի` չի կարելի առանձնացնել միայն մեկ կետ, այլ բավական է հիշել, որ շատ այլ կետեր չեն կատարվել, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հարցը, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը և այլն։