«Ադրբեջանի հետ «Մոսկվայի պայմանագիր»-ը Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի ՆԱՏՕ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն ու Ադրբեջանը միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը 90 %-ով պատրաստ է, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ համաձայնագիրը կստորագրվի, երբ բոլոր կետերը համաձայնեցվեն։ Հայաստանն անհրաժեշտ է համարում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ամրագրել տարածքային ամբողջականությունը և սահմանների սահմանազատումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Նույնն ասում է Ադրբեջանը, սակայն, երբ բանը հասնում է մանրամասներին, սկսում են հարցեր ծագել: Եվ երբեմն դժվար լուծելի: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից, փոխի Սահմանադրությունը և համաձայնի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Հայաստանը հրաժարվում է դրանից։ Երկրորդ հարցը վերաբերում է բանակցային գործընթացում միջնորդներին։ Բաքուն ցանկանում է Ռուսաստանին տեսնել որպես միջնորդ, քանի որ Ադրբեջանը չեզոք է և չի ցանկանում գործընկերություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Եվ դա թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք հայամետ են։ Հայաստանն իր հերթին ցանկանում է որպես միջնորդ տեսնել ԱՄՆ-ին և ԵՄ-ին, քանի որ նա նայում է նրանց ուղղությամբ և հույս ունի, որ ի վերջո անդամակցելու է և՛ ՆԱՏՕ-ին, և՛ ԵՄ-ին։ Գայթակղության քար է դարձել նաև Զանգեզուրի միջանցքը, որի շուրջ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել։ Դրա հայեցակարգը ակտիվորեն առաջ է մղվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, բայց, եթե այն բացվի, ապա Հայաստանի ազդեցությունն ու նշանակությունը տարածաշրջանում զգալիորեն կկրճատվի։
«Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանի ելքն է Թուրքիա, ուստի գործը կարող է հասնել անգամ քաղաքական շանտաժի։ Օրինակ, ես չեմ բացառում, որ կողմերից մեկը կարող է Զանգեզուրի միջանցքի հարցը կապել ԼՂ կարգավիճակի հարցի հետ։ Մինչդեռ ինքը Լեռնային Ղարաբաղն արդեն չկա, այնտեղ վերադառնում են ադրբեջանական ընտանիքներ, այնտեղ գործնականում հայեր չկան։ Հարցն ինչ-որ տեղ փակուղային է»,- svpressa.ru-ի հետ զրույցում ասել է պատգամավոր, Համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության դեկան Անդրեյ Սուզդալցևը:
Սակայն, չնայած բոլոր դժվարություններին և հակասություններին, կողմերն ամեն գնով ցանկանում են ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը հենց հիմա։ Ինչի՞ հետ է դա կապված և ինչի՞ կհանգեցնի դա։ Այս հարցով դիմեցինք քաղաքագետ, Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Ժուրավլևին։ «Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է միջազգային աջակցություն, ուստի հրամայական է լուծել բոլոր ռազմական հակամարտությունները։ Փաշինյանը լքեց Լեռնային Ղարաբաղը հենց այդ պատճառով, երազում է անդամակցել ԵՄ-ին և նույնիսկ ՆԱՏՕ-ին։ Բայց, երբ հաշտության պայմանագիրը գրեթե պատրաստ է, պարզվեց, որ ամեն ինչ չէ այդքան էլ պարզ»,- ասել է նա։
«svpressa.ru».- Ի՞նչ խնդիրներ են խանգարում Մոսկվայում խաղաղության պայմանագրի կնքմանը։
— Հայաստանի և Ադրբեջանի միջև կա շատ բարդ, ոլորապտույտ սահման։ Եվ ամեն մեկն իր օգտին է մեկնաբանում այս կամ այն տեղանքը։ Մյուս կողմից Զանգեզուրի միջանցքի խնդիրն է։ Հարցն, իհարկե, կլուծվի, բայց ոչ արագ։ Ադրբեջանին Զանգեզուրն անհրաժեշտ է Նախիջևան և Թուրքիա մուտք գործելու համար: Հայաստանը նույնպես ցանկանում է վերահսկողություն պահպանել Զանգեզուրի միջանցքի վրա: Հոգու խորքում հայերը հույս ունեն ի վերջո վերականգնել Լեռնային Ղարաբաղը, և Զանգեզուրի վերահսկողությունը թույլ է տալիս հույս դնել դրա վրա: Կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հարցով կողմերը կստորագրեն մի փաստաթուղթ, որն իրականում չի գործի։ Կամ մասամբ կգործի։
«svpressa.ru».- Բանակցություններում միջնորդների հարցը նույնպես բաժանում է կողմերին: Հնարավո՞ր է փոխզիջման հասնել։
— Հայաստանի համար, որն արդեն ամբողջությամբ երես է թեքել Ռուսաստանից և հայացքն ուղղել է դեպի ԱՄՆ երազելով անդամակցել ՆԱՏՕ-ին, նախընտրելի է ԱՄՆ միջնորդությունը։ Ադրբեջանը հանդես է գալիս ռուսական միջնորդության օգտին:
«svpressa.ru».- Իրականում ինչպիսի՞ն է մեր ազդեցությունը տարածաշրջանում:
— Փաստացի Ռուսաստանը կորցնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Անկախություն ձեռք բերած նախկին ԽՍՀՄ հանրապետություններն այնպիսի զգացողություն ունեն, որ իրենք դարձել են «չափահաս» և պետք է ունենան իրենց արտաքին քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդտեղ մենք արդեն զիջում ենք Թուրքիային։ Նախկինում Իրանն էր հավակնում առաջնահերթության, սակայն այժմ որոշակիորեն կորցրել է իր դիրքերը։ Մենք հպարտանում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով մոռանալով, որ նրա գլխավոր դաշնակիցը Թուրքիան է։ Եվ ժամանակն է խոստովանել դա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ պարզ է, կա պրոամերիկյան կուրս, և վաղ թե ուշ այնտեղ կտեղակայվեն ամերիկյան ռազմաբազաները։ Այո, Գյումրիի մեր ռազմաբազան առայժմ մնում է այնտեղ, բայց մեկ տարածքում երկու ռազմավարական հակառակորդների ռազմաբազաներ պահելն անհեթեթ կլինի, համաձայնեք։ Այնպես որ Հայաստանում ռուսական ռազմակայանի լուծարումը, իմ կարծիքով, ժամանակի հարց է։ Եվ, եթե հիմա խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի ճանապարհը բաց կլինի։
«svpressa.ru».- Բայց ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։
—Հայաստանում հիանալի հասկանում են, որ ամերիկացիներն իրենց համար չեն կռվելու, և իրենք պաշտպանված չեն լինի, եթե տարածաշրջանային հակամարտություն առաջանա։ Դրա համար էլ մնում են ՀԱՊԿ-ում։ Ցավոք սրտի, Հայաստանին և նաև Ադրբեջանին՝ ավելի քիչ, մենք պետք ենք որպես էժան ռեսուրսների աղբյուր, և դա բարեկամության մասին խոսելու դիմաց։ Նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին։ Ռուսաստանը պարզապես, իմ կարծիքով, օգտագործվում է։ Մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը