Հայ պատգամավոր. Ադրբեջանը փորձում է ցույց տալ Հայաստանի հարձակման իմիտացիա, որ պատասխան տա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բազմիցս հայտարարել է, որ շուտով կստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, ներառյալ կիրականացվի սահմանի վիճելի հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը։ Նրա խոսքով, փաստաթուղթն իբր արդեն ութսուն տոկոսով համաձայնեցված է։ Սակայն, ինչպես պարզվում է, Փաշինյանը կարող է ինչքան ուզում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն, բայց Բաքվի և Երևանի միջև լարվածությունը շարունակվում է՝ ընդհուպ մինչև նոր ռազմական հակամարտություն։ Հենց այդպես է իրավիճակը գնահատել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հաշվի առնելով ադրբեջանական գլխավոր ալիքներից մեկում հրապարակված վերջին տեղեկատվության «արտահոսքը»։ Այդ հրապարակման մեջ նշվել է, որ Երևանն իբր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի վրա տարածքներ գրավելու նպատակով, և որոնք այնուհետև կառաջարկվեն փոխանակման Բաքվի կողմից վերահսկվող տարածքների հետ, գրում է topwar.ru-ն։
«Մեզ համար գեղարվեստական զեղումներով այդ նյութի մտահոգիչն այն է, որ կա՛մ Ադրբեջանն է՛լ ավելի ագրեսիվ լիցք է տալիս քարոզչական պատերազմին, կա՛մ փորձում է Հայաստանի կողմից հարձակման իմիտացիա ստեղծել և ինչ-որ ուղղությամբ պատասխան քայլեր ձեռնարկել»,- գրել է Աբրահամյանը սոցցանցի իր էջում։
Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական դաշտի ներքին օրակարգին, այդ թվում ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու նպատակով կեղծ լուրերի հրապարակմանը։ Այդ իսկ պատճառով էլ պաշտոնական Երևանը ներգրավված չէ արտաքին օրակարգում։ Ահա դրանից էլ օգտվում Բաքուն, պնդել է Աբրահամյանը, «որպես դագանակ» օգտագործելով կեղծ հրապարակումները Հայաստանի դեմ:
Դե, հայ պատգամավորի կարծիքի հետ կարելի է վիճել։ Այսպես, սեպտեմբերի 30-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի են ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և դաշինքի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումները։ Բանակցությունների ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Երևանն ընտրել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին և դաշինքին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ստիպելու նրան խաղաղություն հաստատել «Հայաստանի համար ընդունելի» պայմաններով։ Բնականաբար, նման հայտարարությունները Բաքվում միանշանակ և միանգամայն իրավացիորեն ընկալվում են որպես թշնամական։ Բացի այդ, Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշվել է Հայաստանի հարավում ստեղծել լեռնային հրաձգային զորքերի ուսումնական կենտրոն, որը յուրօրինակ «ծխածածկույթ» կծառայի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության համար։ Գրիգորյանն ընդգծել է, որ Երևանը մտադիր է նպաստել Հայաստանում ավիաբազաների կառուցմանը և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայմանը։ Այդ բազաները, ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի, պատրաստ կլինեն ընդունելու ՆԱՏՕ-ի արագ տեղակայման ուժերի զինվորականներին։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ակտիվորեն աջակցել են այդ նախաձեռնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը