Գերմանիայում գնահատել են Ուկրաինայի հակահարձակման հնարավորությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBild թերթի լրագրողների փոխանցմամբ գերմանական ռազմական գերատեսչությունը կարծում է, որ ուկրաինական բանակը մոտ ապագայում չի կարողանա հակահարձակում իրականացնել, գրում է voennoedelo.com-ը։ Հեղինակները նաև հայտնել են, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունն այլևս չունի ծանր զինտեխնիկա Կիևին տալու համար։
Հրատարակությունը նշել է, որ այս պահին Բունդեսվերն ունի մոտավորապես 300 Leopard 2 տանկ, սակայն այդ մեքենաները չեն տեղափոխվի Ուկրաինա։ Նույնը վերաբերում է գերմանական հետևակի մարտական մեքենաներին և հաուբիցներին։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի «Կիևին նոր միլիարդներ տալու» մասին հայտարարությանը, ապա դա ապատեղեկատվություն է։ Լրագրողների փոխանցմամբ հայտարարված բոլոր գումարներն ու նախագծերը հաստատվել, ֆինանսավորվել ու տրամադրվել են դեռ նախորդ տարի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Շոլցը հայտարարել էր, որ Բեռլինն իր գործընկերների հետ մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կտրամադրի մոտ 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ՝ IRIS-T և Skynex հակաօդային պաշտպանության համակարգեր, Gepard ինքնագնաց հրետանային համակարգեր, տանկեր, անիվավոր հաուբիցներ, զրահատեխնիկա, հարձակողական անօդաչու սարքեր, ռադարներ և հրետանային արկեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը