Կոտրել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը և այնտեղից հափշտակություններ կատարել. Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը: Գրել է Գագիկ Շամշյանը։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է, իսկ ստահակները Վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը, ապա երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:
Այնուհետև ճիվաղները լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը:
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: