Առանց ամրակապման, հեռախոսով խոսելով ավտոմեքենա վարելու դեպքերն աճել են․ ՆԳՆ-ն թվեր է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։
Ինչպես հայտնում են ներքին գործերի նախարարությունից, վարելիս հեռախոսով խոսելը կամ ծխախոտային արտադրանք օգտագործելը վթարների պատճառ հանդիսացող իրավախախտումներից են, իսկ չամրակապված վարելը հանգեցնում է ծանր հետևանքների:
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացնում է նաև ուժեղացված ծառայություններ և հատուկ միջոցառումներ։
«ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում արձանագրվել և որոշում է կայացվել չամրակապված տրանսպորտային միջոցներ վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու հետ կապված իրավախախտումների գործերով 132,574 որոշում, ինչը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 84 հազարով։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է հեռախոսակապից օգտվելու կանոնների խախտման 22 182 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 5,900-ով: Արձանագրվել է ծխախոտային արտադրանք օգտագործելու 19,136 իրավախախտում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2,670-ով»,- ներկայացնում է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:
Ըստ աղբյուրի՝ միջազգային փորձը վկայում է՝ ամրագոտու կիրառումը 80-85%-ով կրճատում է զոհվելու և 50-55 %՝ մարմնական վնասվածք ստանալու հավանականությունը, իսկ հեռախոսակապից օգտվելը և ծխելը շեղում են վարորդի ուշադրությունը՝ խանգարելով ճիշտ գնահատել իրավիճակը:
«Պարեկների կողմից արձանագրվող իրավախախտումներն ունեն մեկ նպատակ՝ կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, իսկ օրինապահ վարելու մշակույթը դարձնել կենսակերպ։
Յուրաքանչյուր անմեղ թվացող իրավախախտում կարող է մարդկային կյանք արժենալ:
Հանրային անվտանգության պահպանությունը ՆԳ նախարարության առաջնային նպատակներից է»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։