Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
anna-news.info-ն «Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ» վերնագրով հոդվածում գրում է, որ հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում կայացել է BRICS-ի գագաթաժողովը, որին մասնակցել են 36 երկրների պատվիրակություններ։ Հաշվի առնելով այդ երկրների զբաղեցրած տարածքները, դրանցում ապրող բնակչության թիվը և նրանց տնտեսությունների ընդհանուր ծավալը՝ այդ իրադարձությունը կարելի է անվանել համաշխարհային նշանակության գագաթաժողով։ BRICS-ի երկրներին է պատկանում աշխարհի ամենամեծ բնակչությունը, միության երկրները զբաղեցնում են երկրագնդի ցամաքի ավելի քան 30 %-ը, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մոտ 45 %-ը: Այն նաև ամենամեծ ասոցիացիան է տարածքի առումով և ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Տնտեսական չափերով ևս այն ամենամեծ ասոցիացիան է: 2 տարի առաջ՝ 2022 թվականին, BRICS-ի երկրները գլոբալ ՀՆԱ-ում իրենց մասնաբաժնի չափով հասան G7-ի երկրներին, իսկ այս տարի BRICS-ի երկրների մասնաբաժինը կազմում է 31,5 %, մինչդեռ G7-ի երկրների մասնաբաժինը նվազել է մինչև 30,7 %-ի: Սովորաբար ընդունված է այս նոր կազմավորումը համեմատել գոյություն ունեցող այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն կամ ՄԱԿ-ը: Մեր կարծիքով, այսօր նման համեմատությունները ճիշտ չեն, քանի որ BRICS-ը ո՛չ քաղաքական միավորում է, ո՛չ հավաքական անվտանգության կազմակերպություն է, ո՛չ էլ տնտեսական ինտեգրացիոն նախագիծ։ Սա իրավահավասար երկրների ասոցիացիա է, որը հիմնված է ամբողջական համագործակցության սկզբունքների վրա՝ ուղղված համաշխարհային կայունության և կայուն զարգացման ամրապնդմանը։ Բացի դա, այդ ակումբի «մուտքի տոմս» ձեռք բերելու համար պետք չէ երկար անցումային շրջան անցնել, ինչպես, օրինակ՝ ԵՄ-ին անդամակցելիս։
Բացի այդ, BRICS-ը ԵՄ-ից տարբերվում է իր իրավահավասար իրավունքներով, որտեղ ակումբի անդամները չեն ենթարկվում անհասկանալի պայմանների՝ իրենց օրենսդրության պահպանման առումով, օրինակ՝ ընտանեկան և սեռական հարաբերությունների ոլորտում: Եվ, որ ամենակարևորն է, ի տարբերություն ԵՄ-ի, BRICS-ը այլ երկրների նկատմամբ մեծամտության ու գերազանցության քաղաքականություն չի իրականացնում։ BRICS-ը թշնամական չէ կազմակերպությունից դուրս այլ երկրների նկատմամբ։ BRICS-ի անդամության թեկնածուներին անհրաժեշտ չէ բավարարել մուտքի բազմաթիվ չափանիշներ, անցնել թեկնածուների փորձի երկար ժամանակաշրջան կամ ապացուցել բարձր ինստիտուցիոնալ չափանիշներին հասնելու իրենց կարողությունը: Հասկանալի է, որ հետագայում, երբ այդ երկրների ասոցիացիան մեծանա, անհրաժեշտ կլինի նաև կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ չափանիշներին որոշակի համապատասխանություն։ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ միանա այդ ակումբին, քանի դեռ այն բաց է, ինչը թույլ կտա նրան հետագայում ստանալ իր առավելությունները։
Ավելին, այդ ակումբում Հայաստանը հավասարվելու է այնպիսի հսկաների, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Իրանը։ Պետք է նշել, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցներն ու մերձավոր գործընկերներն են, և Չինաստանը կարող է դառնալ նոր ռազմավարական գործընկեր՝ հատկապես հաշվի առնելով Պեկինի՝ Վրաստանին և Ադրբեջանին իր լոգիստիկ նախագծերին ինտեգրելու ծրագրերը։ BRICS-ին անդամակցությունը Հայաստանին զգալի առավելություններ կտա: Անվտանգության առումով ևս այդ անդամակցությունը լրացուցիչ անուղղակի պաշտպանության մեխանիզմ կստեղծի Հայաստանի համար։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում նման որոշում կայացնելու համար իշխանության պետք է լինեն ազգային ուղղվածություն ունեցող ուժեր, որոնք հասկանում են իրենց ժողովրդի շահերը և կապված չեն սեփական ժողովրդի շահերի հետ կապ չունեցող պարտավորություններով։
Հ.Գ. - Հայաստանում տեղի «արևմտամետները» ստորագրահավաք են անցկացրել ԵՄ անդամակցության օգտին, որն ակնհայտորեն արհեստական օրակարգ է և կապ չունի Հայաստանի ներկայիս խնդիրների ու շահերի հետ։ ԵՄ անդամակցության գործընթացի իրական էությունը բացահայտվեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակներով։ Ժողովուրդներին ու պետություններին իրականում առաջարկվում է թնդանոթի մսի դերը, որը թաքցվում է փայլուն ապագայի դատարկ խոստումներով: Խաղադրույքը կատարվում է տգետների զգացմունքների ու բնազդների վրա՝ նպատակ ունենալով նրանց օգտագործել իրենց աշխարհաքաղաքական շահերի համար։ Ըստ ամենայնի, Արևմուտքը հետխորհրդային երկրներին բլիթ է ցույց տալիս՝ ի դեմս ԵՄ անդամակցության հեռանկարի, և դրա դիմաց պահանջում, որ նրանք վերածվեն երկրորդ Ուկրաինայի, այսինքն՝ հակառուսական փորձադաշտի։ Վրաստանը, ելնելով իր և այլոց դառը փորձից, փորձում է մերժել նման հեռանկարը, ինչն էլ էականորեն նյարդայնացնում է Արևմուտքին։ Հայաստանը պետք է գործընկերային հարաբերություններ ունենա ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, բայց ոչ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների և նրա հետ թշնամության և, իհարկե, ոչ բուն Հայաստանի շահերի հաշվին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում