Ծառատունկ՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում․ հատվել է 95 ծառ, որոնց փոխարեն տնկվել են մոտ 1000-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիս-հարավի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա բնակավայրում իրականացվել է ծառատունկ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։ Ծրագրի շրջանակում հատվել է 95 ծառ, որոնց փոխարեն տնկվել են մոտ 1000-ը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը նշեց, որ կապալառու կազմակերպության պարտավորությունն է խնամել տնկված բոլոր ծառերը մինչև դրանց կենսունակության ապահովումը, որից հետո ծառերի խնամքը կփոխանցվի Նոր Եդեսիա գյուղին։ Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ հիմնականում բարդի և հացենի։ Ծրագրի բնապահպանական թիմն ընտրել է այնպիսի ծառատեսակներ, որոնք կարող են աճել նշված բնակավայրի բնակլիմայական պայմաններում։