«2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
2025 թ. պետական բյուջեի քննարկումները շարունակվում են: Ակնհայտ է, որ հաջորդ տարի մեր պետությունը կրկին կավելացնի պետական պարտքը: Բայց մյուս կողմից, կարծես թե, օրվա իշխանությունները փորձում են իրատես լինել և աննախադեպ տնտեսական աճ չկանխատեսել հաջորդ տարվա համար: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը պետական բյուջեի քննարկումների մասին զրույցի սկզբում հիշեցնում է՝ ցանկացած երկրի համար բյուջեն հանդիսանում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որով նախանշվում են տվյալ երկրի զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները, սոցիալական ծրագրերը, դրանց հասցեականությունը և այլն:
«2025 թ.-ի պետական բյուջեի համաձայն, ծախսային մասը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, իսկ եկամտային մասը՝ 2,9 տրիլիոն դրամ, այսինքն՝ մոտավորապես 600 մլրդ դրամի չափով ունենալու ենք դեֆիցիտ 2025 թ.-ի համար: Նշեմ նաև, որ պարտքը կամ դեֆիցիտը բացասական երևույթ չէ, եթե դա ծախսվում է երկրի զարգացումն ապահովող ծրագրերի, տնտեսության երկարաժամկետ աճն ապահովելու համար: Ակնհայտ է, որ այս 600 միլիարդ դրամի հետ կապված չունենք այդ վստահությունը, որ ապագայում այն բերելու է լրացուցիչ տնտեսական աճ, ցուցանիշներ, զարգացում»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:
Ընդգծում է՝ եթե 2025 թ. բյուջեին անվանում տանք, կարող ենք նշել, որ այն անիրատեսական բյուջե է: «Իշխանությունները սիրում են ասել՝ հավակնոտ, առաջանցիկ և այլն, բայց սա այդ դեպքը չէ: Հավակնոտ կարող էր լինել, եթե իրատեսականից մի քիչ բարձր ցուցանիշ դնեին, բայց նրանք իրատեսականից շատ ավելի բարձր ցուցանիշ են դրել, որն այս բյուջեն անիրատեսական է դարձնում: Անիրատեսական, քանի որ նույն այս կառավարությունը չի կարողանում եկամտային մասն ապահովել, մոտավորապես 9 տոկոս թերակատարել է, դրան գումարած՝ չի կարողանում նաև ժամանակին կատարել ծախսային մասն ամբողջ ծավալով, բացառությունը պաշտպանության ծախսերն են: Մնացած ուղղություններով մասսայաբար լինում են թերակատարումներ: Իսկ 2025 թ.-ի համար նրանք չեն ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք թույլ կտային ապահովել բյուջեի կատարողականը և՛ ծախսային մասով, և՛ եկամտային մասով»,-նշում է մեր զրուցակիցը:
Հաջորդիվ անդրադառնում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշին: «Այս տարվա մոտ 9 տոկոս տնտեսական ակտիվությունը տարեվերջին կնվազի, քանի որ նոյեմբեր-դեկտեմբերին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ՝ հաշվի առնելով այն, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեց ոսկու «տենդը», և դա լրացուցիչ աճ ապահովեց: Այդ աճն, ըստ էության, կտրուկ նվազել է 2024 թ.-ի մայիսից, երբ Ռուսաստանը հանեց ոսկու արտահանման տուրքը, իսկ Հայաստանը զուգահեռաբար մտցրեց այդ տուրքը: Դրա արդյունքում տնտեսական այն գործոնները, որոնք պետք է մեզ համար լրացուցիչ աճ ապահովեին, չկան: Եթե անցած տարվա համեմատ ցուցանիշները վերլուծենք, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ:
Իմ կարծիքով, այս տարվա տնտեսական աճը կփակենք մոտավորապես յոթ տոկոսի սահմաններում: Նույնիսկ այդ յոթ տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է լինելու հաջորդ տարվա համար: Չունենք տնտեսական լրացուցիչ աճի գործոններ, օբյեկտներ, և դրա հիման վրա 2025 թ.-ի համար 5,6 տոկոս տնտեսական աճ ապահովելը դարձյալ խիստ անիրատեսական է լինելու: Իսկ կառավարության այն հաշվարկը, որ Ամուլսարը կշահագործի, և դա լրացուցիչ տնտեսական ակտիվություն կապահովի, խիստ կասկածելի և խնդրահարույց ծրագիր է, որն այս պահին քիչ հավանական է: Դրան գումարած՝ ունենք պարտքի հետ կապված որոշակի վերանայումների, վերակառուցման անհրաժեշտություն: Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար: Մեր բյուջեից մոտավորապես 1,4 միլիարդ դոլար հատկացնելու ենք պետական պարտքի սպասարկման համար: Մեր պետական պարտքը բավականին ծախսատար է դարձել վերջին տարիների ընթացքում, և այդ ծախսատարությունն էլ ավելի է ավելանալու»,-ընդգծում է տնտեսագետը:
Նշում է՝ 2025 թ.-ի բյուջեում չկան տնտեսական խոշոր նախագծեր, ծրագրեր, որոնք թույլ կտան տնտեսական նոր ակտիվություն գեներացնել ոսկու փոխարեն: «Այդպիսի ծրագրեր չկան, իսկ պետական տնտեսական ծրագրերի արդյունավետությունը շատ ցածր է, դրա վառ օրինակը գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ ընդամենը 1,8 տոկոս համեստ տնտեսական աճ է: Եթե հաշվի առնենք այն միլիարդավոր դրամները, որոնք ներարկվում են այս ոլորտի սուբիսիդավորման, աջակցության ծրագրերի մեջ, կարող ենք ասել, որ այդ գումարների մեծ մասը փաստացի փոշիանում է: 1,8 տոկոսն այն համարժեք աճը չէ, որ կարող ենք ապահովել»,-հավելում է նա:
Կարծիք կա, որ այժմ մեր տնտեսությունն ազատ անկման մեջ է: Տնտեսությունն ակտիվացնող արտաքին գործոնները գրեթե չեզոքացել են: Միջազգային տնտեսությունն էլ, կարծես թե, ոչ այնքան լավ վիճակում է, մյուս կողմից՝ այդ մասով ունենք անկանխատեսելիություն: «2022 թ.-ից սկսած Հայաստանի տնտեսական ակտիվությունը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք թույլատրվում են դարձյալ արտաքին խաղացողների կողմից: Ռուսաստանը և Արևմուտքը համաձայն են, որ Հայաստանը լինի միջնորդ երկիր, որպեսզի ռուսական ոսկին և նաև արևմտյան սարքավորումները, տեխնիկան Հայաստանի միջոցով հասնեն Ռուսաստան: Պատահական չէ, որ մեր խոշոր հարկատուների տասնյակում էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող երկու կազմակերպություն հայտնվեց: Այս առումով ընդհանուր կոնսենսուս կա Հայաստանի համար. դա Հայաստանի իշխանությանը տրված է որպես բոնուս: Թե այն երբ կավարտվի, ժամանակը ցույց կտա:
Տարբեր փոփոխություններ կան համաշխարհային խաղացողների շրջանում. Միացյալ Նահանգներում նոր իշխանություն է ձևավորվել և այլն: Կարող է մեկ օրում իրավիճակը փոխվել, օրինակ՝ Թրամփի վարչակազմը որոշի զրկել Հայաստանին տնտեսական առավելություններից՝ փորձելով Ռուսաստանին տնտեսապես վատ դրության մեջ դնել: Շատ արագ սա արձագանք կստանա մեր իրականության մեջ: Մեր տնտեսությունը չի կարող պատասխանել, դիմագրավել արտաքին փոփոխություններին, մեղմել դրանք: Ունենալու ենք մեծ անկում: Խնդիրն այն է, թե որքան կտևեն մեզ թույլատրվող այդ արտաքին գործոնները, որոնք էլ իրենց հերթին թույլ են տալիս ապահովել տնտեսական աճ: Ժամկետների հարց է: Իմ կարծիքով՝ այս պահին անկման մեջ չենք, ունենք դեռևս քարտ- բլանշ դրսից, որից կարող ենք օգտվել: Այո, նախկին ծավալները չեն:
Օրինակ՝ պայմանական ասեմ, ապրիլին մեկ միլիարդ դոլարի ոսկի ենք արտահանել, հիմա երկու հարյուր միլիոն դոլարի ոսկի ենք արտահանում: Մեկ հինգերորդն է, բայց պրոցեսն ընթանում է: Ի հաշիվ ռուսական գումարների, բանկային համակարգն ահռելի շահույթ է ստանում, նաև՝ ի հաշիվ այն սխեմաների, որ Հայաստանով են գումարները պտտվում: Քանի դեռ կան այս հնարավորությունները, Հայաստանը կպահի իր աճի տեմպը, բայց ոչ կառավարության 2025 թ.-ի նախատեսած պետական բյուջեի շրջանակներում: Ավելի ցածր կլինի այդ աճի տեմպը, որովհետև չունենք այդ ներուժը, ռեսուրսն այն ապահովելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում