ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ:
Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։
Այնուհետև, Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ:
Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները: Պաշտպանը և ներկայացուցիչները շրջայց են կատարել ուղեկալների տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, քննարկվել են նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նրանց բարոյահոգեբանական վիճակին, իրավունքներին, նրանց հետաքրքրող հարցերին:
Բարձրացված հարցերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկվել են հրամանատարական կազմի հետ:
Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։
Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներ այցերը կրելու են շարունակական բնույթ: