Հրադադարի ռեժիմի պահպանումը նպաստում է բանակցություններում առաջընթացին. ԼՂՀ արտգործնախարար
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՊետք չէ ռազմական փորձագետ լինել, հասկանալու համար ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը։ Այս մասին հունիսի 30-ին՝ Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
«Որքան իրավիճակը կայուն լինի շփման գծում, այնքան շատ հնարավորություններ կլինեն դիվանագետների կողմից կառուցողական երկխոսության առաջընթացի համար»,– ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է բարձրագույն մակարդակով հանդիպումներին, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր նոր հանդիպմանը, ապա, ըստ Կարեն Միրզոյանի, անկախ դրանց անցկացման տեղից եւ ժամկետներից, կարեւոր է, որ հանդիպումները լինեն, եւ այդ հանդիպումներում վերջապես համաձայնություններ ձեռք բերվեն, որոնք թույլ կտան վերականգնել բանակցային գործընթացը։
«Հայկական կողմը եւ միջազգային հանրությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Միակ ուղին խաղաղ բանակցություններն են։ Որքան շուտ Ադրբեջանը դա գիտակցի, այնքան արագ կհաջողվի առաջընթաց գրանցել»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով, սակայն, նոր բանակցային գործընթացի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ բանակցություններ՝ որպես այդպիսին, դեռ չկան։ «Կայանում են հանդիպումներ, շփումներ, որոնք ուղղված են բանակցային գործընթացի վերականգնմանը»,– նշել է Միրզոյանը։