Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են վրաններում՝ փակելով գլխավոր խաչմերուկը։ Ակնկալվում է, որ ակցիան կտևի 24 ժամ, հայտնում է svoboda.org-ը:
Երեկ՝ նոյեմբերի 17-ի երեկոյան, հանրահավաքից հետո ցուցարարները մոտ 30 վրան են տեղադրել Թբիլիսիի պետական համալսարանի մոտ։ Ակցիայի մասնակիցներին բաժանվել են վերմակներ, գորգեր և տաք թեյ, տեղադրվել են բիոզուգարաններ։ Գիշերը խաղաղ է անցել՝ ցուցարարները չեն ցրվել, հիմա շփվում են, ֆիլմեր են դիտում, պարում։ Իշխանություններն ու ոստիկանությունը դեռ հայտարարություններ չեն արել։
Նախօրեին երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Փոփոխությունների կոալիցիա»-ն և «Միացյալ ազգային շարժում»-ը, հայտարարել են «Վերադարձրեք ձեր ձայնը» ակցիայի մասին:
Կուսակցությունները պնդում են, որ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքներ են տեղի ունեցել և պահանջում են նոր ընտրություններ։ Ընդդիմության առաջնորդների կարծիքով, ներկայիս գործողությունները միայն սկիզբն են:
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ընտրություններում պաշտոնապես հաղթած «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ «չնայած դրսից վերահսկվող ուժերի հակադրությանը»։ Կոբախիձեն վստահ է, որ վաղ թե ուշ բոլոր ընդդիմադիրները կընդունեն ընտրություններում պարտությունը և կսկսեն աշխատել խորհրդարանում։
Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանք»-ը՝ ստանալով ձայների 53,9%-ը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անում: