Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Bayraktar KIZILELMA-ն նոր ստանդարտներ է սահմանում մարտական անօդաչու թռչող սարքերի մեջ՝ լայնացնելով օդային մարտական տեխնիկայի սահմանները: Չնայած հայտնի Bayraktar TB2-ը հեղափոխեց մարտադաշտերն ամբողջ աշխարհում, բայց KIZILELMA-ն ավելի մեծ քայլ է դեպի առաջ, գրում է podolyaka.ru-ն: Այն պարզապես նոր մարտական անօդաչու թռչող սարք չէ, քանի որ հաշվի առնելով նրա հնարավորությունները՝ այդ անօդաչու թռչող սարքը կարելի է հեղափոխություն համարել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի մեջ։ Այդ գերժամանակակից անօդաչու թռչող սարքը ստեղծվել է այնպիսի մարտական առաջադրանքներ կատարելու համար, որոնք պահանջում են ճարպկություն, անտեսանելիություն և արագություն: Ուստի Bayraktar KIZILELMA-ն հագեցած է տուրբոշարժիչով և կարող է թռչել 0,6 մախ (735 կմ/ժ) արագությամբ և անգամ զարգացնել 0,9 մախ (1102 կմ/ժ) առավելագույն արագություն: Սրանք զգալի բարելավումներ են վերոհիշյալ Bayraktar TB2-ի նկատմամբ, որը թռչում է ավելի ցածր արագությամբ և կենտրոնացած է հիմնականում հետախուզական առաքելությունների և ճշգրիտ հարվածների վրա: KIZILELMA-ի ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկը տարբեր ռեժիմներում ինքնավար աշխատելու ունակությունն է: Այդ անօդաչու թռչող սարքը կարող է կատարել տարբեր առաքելություններ՝ սովորական հսկողությունից մինչև բարդ հարձակվողական հարվածներ առանց մարդկային միջամտության: Այդ ինքնավարությունը հնարավոր է դարձել ժամանակակից սենսորների և ուղղորդման համակարգերի շնորհիվ, ինչպիսիք են AESA ռադարը և էլեկտրաօպտիկական ուղղորդման համակարգերը:
KIZILELMA անօդաչու թռչող սարքը նախագծվել է նաև հաշվի առնելով ցածր ռադարային տեսանելիությունը, ինչը դժվարացնում է թշնամու ռադարային համակարգերի թիրախավորումը, ինչը նրան տալիս է մարտավարական հսկայական առավելություն ժամանակակից մարտական սցենարներում:
Թուրքական այդ անօդաչու թռչող սարքը նախորդ մոդելներից առանձնացնող հիմնական տարրերից մեկն էլ նրա կրակային ուժն է: 1,5 տոննա ծանրաբեռնվածությամբ անօդաչուն կարող է կրել մի շարք զինատեսակներ, այդ թվում լազերային կառավարվող զինամթերք, հեռահար թևավոր հրթիռներ և օդ-օդ հրթիռներ։ Այդ զինանոցի շնորհիվ այն դառնում է ոչ միայն պասիվ դիտորդ, այլ մահաբեր հարթակ, որը կարող է հարձակվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախների վրա։
Իսկ KIZILELMA-ի կարճ թռիչքուղով թռիչքի և վայրէջքի հնարավորությունը նրան ավիակիրների վրա օգտագործման մեծ գործառնական բազմակողմանիություն է տալիս: Դա նշանակում է, որ այդ անօդաչու թռչող սարքը կարող է տեղակայվել այնպիսի հարթակներում, ինչպիսին է թուրքական առաջատար TCG Anadolu-ն, որը թույլ է տալիս գործողություններ իրականացնել Թուրքիայի օդային տարածքից շատ հեռու և նույնիսկ միջազգային ջրերում:
Քանի որ Bayraktar KIZILELMA-ի արտադրական տարբերակը հաջողությամբ ավարտել է իր առաջին թռիչքը դեռ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին, անօդաչու թռչող սարքն առավել քան մոտ է ծառայության անցնելուն: KIZILELMA-ի ի հայտ գալը զգալիորեն ուժեղացրել է Թուրքիայի կարողությունն իր ազդեցությունը հաստատելու տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ անօդաչու թռչող սարքի հնարավորությունները ոչ միայն բարելավում են Թուրքիայի պաշտպանական դիրքերը, այլ նաև ռազմավարական առավելություն են տալիս արտասահմանյան ռազմական գործողություններում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը