«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» շարժման և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Նշել էինք, որ, մեր տեղեկություններով, որևէ առարկայական պատասխան չի ստացվել:
Երեկ «Փաստը» դիմեց Արշակ Կարապետյանին՝ ճշտելու նամակի ճակատագիրը: «Այո, մենք բաց նամակով դիմել ենք կառավարություն, Սահմանադրական դատարան: Դեռևս սպասում ենք պատասխանի»,-ասաց Կարապետյանը: Իսկ եթե որևէ պատասխան չլինի՞: «Մենք ունենք գործողությունների պլան թե այն դեպքի համար, եթե պատասխան չստանանք, թե այն դեպքի համար, եթե պատասխանը մեզ չբավարարի: Մասնավորաբար, Ազգային արժանապատվության տրիբունալը շատ մեղմ վճիռ է կայացրել և կարող է փոխել իր որոշումը»,-նշեց մեր զրուցակիցը:
Այդուամենայնիվ, ինչո՞ւ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, և ի՞նչ է պետք անել Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ գեներալի, կա երկու ճանապարհ. «Առաջինը՝ ստեղծել ուժեղ պետություն և բանակցություններ վարել հավասարի դիրքերից: Բայց այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) չի կարող զարգացնել երկիրը, որովհետև նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել: Երկրորդ ճանապարհը գերիների փոխանակումն է, իսկ դրա համար մեզ մոտ էլ պետք է ադրբեջանցի գերի զինվորներ լինեն: Այս երկու տարբերակը կա, իհարկե, եթե չմտածենք, որ Ալիևը կարող է մի օր արթնանալ ու հանկարծ ազատ արձակել բոլոր գերիներին: Բայց դա անհնար եմ համարում, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պարագայում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում