Վերջին իրադարձություններն ուղղակիորեն կապված էին մարդու կյանքի գաղտնիության հետ. Բագրատ Սրբազան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին իրադարձությունները կապված էին ուղղակիորեն մարդու կյանքի գաղտնիության հետ, որի իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ։ Այս մասին ուղիղ եթերի ընթացքում, անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած իրադարձություններին, ասաց Բագրատ Սրբազանը:
«Այս ընթացքը նաև խոսում է այն ուրացության մասին, դավաճանության մասին, բոլոր այն երևույթների մասին, որոնք տեղ են գտել այս մարդկանց կյանքում, որոնք այլևս թաքցնելու որևէ արգելք չի կարող լինել, որովհետև փտածությունը, նեխածությունը, ներքին նեխածությունը, ի վերջո պետք է արտահայտվի, դա կլինի հոտի տեսքով, կլինի գործողությունների տեսքով, զանազան այլ կերպերով, և չարիքը երկար չի կարող դիմանալ, իր հաջողությունը չակերտավոր ասած, երկար չի կարող լինել։
Եվ այս բոլորը նշանակում են, որ դատարկվել են ամբողջությամբ, այլևս հետաքրքրություն կամ որևէ այլ թեմա չկա, որը կվերաբերեր մեր երկրի զարգացմանը, մեր երկրի անվտանգային խնդիրները լուծելուն: Այս մարդիկ հակառակվում են ճշմարտությանը և նրանց անմտությունը շատ շուտով հայտնի կդառնա։
Դուք բոլորդ տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում։ Ինչո՞վ ենք զբաղված և ինչպես է խմբակցության միջից դուրս գալիս ամբողջ չարության զգացումը։ Տեսնում եք, թե այն պարփակված, այն զոռով պահված չարությունն ինչպես է ինքնաարտահայտվում և ինքնադրսևորում, նույնիսկ այդ պարագայում միմյանց նկատմամբ դարձյալ ստի մեջ են այս մարդիկ»,- ասաց Բագրատ Սրբազանը։