Խոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ մի մասը՝ «Աշտարակ», մյուս մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ՊԾ Արագածոտնի գումարտակի պարեկները պարզել են, որ մինչև «»-ի՝ ձորակոմ հայտնվելը, բախում է տեղի ունեցել «Gazel»-ի, «Opel»-ի ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաների միջև:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: