«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։
Հաշվի առնելով շուկայական ներկայիս պահանջարկը՝ անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 7․4 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 90․6 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել տարբեր տեսակի կահույքի ինչպես նաև ներքնակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Հաշվի առնելով, որ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրում նշված ապրանքատեսակների անվանումը փոփոխվել է, իսկ քաշը սխալ է նշվել, հետևաբար ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խմբագրել դրանք՝ տրամադրված արտոնությունից օգտվելու նպատակով։
Իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը մնում է անփոփոխ։