Ինձ համար նրանք հերոսներ են. Քարդաշյանը՝ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել բանտարկյալներին, որոնք ազատ են արձակվել Կալիֆոռնիայի հարավային հատվածում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարին միանալու համար, գրում է Daily Mail-ը:
44-ամյա աստղը նշել է, որ վերջին մեկ շաբաթում ականատես է եղել՝ ինչպես է իր քաղաքն այրվում:
«Այս ընթացքում տեսել ու զրուցել եմ շատ հրշեջների հետ, որոնք ամբողջ գիշեր արթուն են և ջանք չեն խնայում մեր քաղաքը փրկելու համար: Շնորհակալություն Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայությանն այն ամենի համար, ինչ անում է կյանք, տներ և ունեցվածք փրկելու համար», - գրել է աստղը:
Նա ընդգծել է, որ Լոս Անջելեսում մոլեգնող 5 հրդեհների դեմ պայքարում են հարյուրավոր բանտարկյալներ, որոնք մարդկանց փրկելու համար վտանգում են իրենց կյանքը՝ ապացուցելու համար նաև, որ իրենք փոխվել են:
Ըստ Քարդաշյանի՝ Փասիֆիք Փելիսեյդս և Իթոն թաղամասերում կրակի տարածման դեմ պայքարող այս մարդիկ աշխատում են 24-ժամանոց հերթափոխով:
«Նրանց գրեթե ոչինչ չեն վճարում, նրանք վտանգում են իրենց կյանքը, ոմանք զոհվել են... ինձ համար նրանք հերոսներ են», - նշել է աստղը։
Նա բացատրել է իր հետևորդներին, որ բանտարկյալ հրշեջներին 1984 թվականից ի վեր ժամում 1 դոլար են վճարում՝ «իրենց կյանքը վտանգելու համար»: Քարդաշյանը դիմել է նահանգապետ Գևին Նյուսոմին՝ կոչ անելով բարձրացնել այս մարդկանց համար ժամավճարը:
Նշենք, որ հունվարի 7-ից մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ: