Ռուս օդաչուին սպանողին Թուրքիայում դատապարտել են ապօրինի զենք կրելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլփարսլան Չելիքը, ով ստանձնել էր ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը, Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու համար:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, փաստաբանն ասել է, որ դատարանը չի ուսումնասիրել Չելիքի՝ ռուս օդաչուի սպանությանն առնչվելու գործը, քննությունը շարունակվում է:
Օլեգ Պեշկովը զոհվել էր Սիրիայում 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Թուրքական F-16 կործանիչը խոցել էր ռուսական Су-24-ը, ինչից հետո կատապուլտով ինքնաթիռը լքած Պեշկովին գնդակահարել էին ցամաքից: Միջադեպից անմիջապես հետո Չելիքը ստանձնել էր սպանության
պատասխանատվությունը: Միաժամանակ քննության ընթացքում նա հայտարարել էր, որ չի սպանել օդաչուին և հրամայել է իրեն ենթակա գրոհայիններին չկրակել Պեշկովի վրա:
Անցյալ տարվա ապրիլին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Չելիքին ապօրինի զենք կրելու համար: Ամբաստանյալը քննության ժամանակ հերքում էր մեղադրանքները: