Խմբագրական. Ազգային ժողովը ձեր պպզելու «բորդյուրը» կամ «քուչի բեսեդկեն» չէ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւզում եմ մի այսպիսի կարճ, օնլայն ու ամենակարևորը՝ անվճար դասընթաց անցկացնել մեր ԱԺ պատգամավորների հետ՝ փորձելով նրանց սովորեցնել, թե ինչ է Ազգային ժողովը: Ուրեմն, հարգելի՛ պատգամավորներ, գրի առեք կամ հիշեք՝
- Ազգային ժողովը դա բորդյուր չէ, որի վրա կարող եք պպզել և համապատասխան հայհոյախառն, «շմայսյան» բառապաշարով քննարկել «բորդյուրային» թեմաներ, օրինակ՝ քիչ առաջ ձեր կողքով անցած աղջկա յուբկայի կարճության աստիճանը: Ազգային ժողովում դրա փոխարեն օրինագծեր են քննարկվում, իսկ օրինագծի քննարկումը այլ բառապաշար է պահանջում:
- Ազգային ժողովը ոչ «զոն» է, ոչ էլ ձեր «քուչի բեսեդկան», հետևաբար այստեղ ձեր գռեհիկ խոսելու ունակությունները և իմացած հայհոյանքների քանակը ցույց տալով՝ դուք «լավ տղա» չեք դառնում, հեղինակություն ձեռք չեք բերում, այլ ընդհակառակը՝ վարկաբեկվում եք, հեղինակազրկվում: Եվ եթե հարցին անդրադառնամ երկկողմանի, ապա պետք է ասեմ նաև, որ այստեղ ամենևին պարտադիր չէ յուրաքանչյուր հայհոյանքին կամ գռեհիկ արտահայտությանը տալ համարժեք պատասխան: Սա «աբառոտկայի» տեղ չէ, հավատացեք՝ պատասխան չտալով դուք «տակ չեք մնա», ոչ էլ կկորցնեք ձեր արժանապատվությունը, իսկ տալով՝ հավասարվում եք ձեզ հայհոյողի մակարդակին, որովհետև այստեղ գործում են ոչ թե «տղայական» «պանյատները», այլ՝ ՀՀ օրենսդրությունը և ԱԺ կանոնակարգը, որոնցով նման բաներ նախատեսված չեն: Իսկ ստեղծվող կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար կան օրինական ճանապարհներ:
Հարգելի՛ պատգամավորներ, մի մոռացեք, որ դուք պատգամավոր եք: Ազգային ժողովն էլ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է ու միայն այս անվանումն արդեն պետք է որ ձեզ զգաստացնի, պարտավորեցնի, բայց կարծես թե չի զգաստացնում: Միգուցե չե՞ք կարողանում հարմարվել այն մտքին, որ սա ձեր «քուչից» շատ ավելի բարձր հարթակ է: Ով չի կարողանում, կարող է հրաժարվել իր տեղից և զիջել այն այնպիսի մարդկանց, ովքեր կարող են: Իսկ մեր երկրում հավատացեք՝ կգտնվեն մարդիկ, ովքեր իսկապես կգիտակցեն, թե ինչ ասել է՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ու ձեզանից շատերից առնվազն մի 800 անգամ լավ կաշխատեն:
Ես ամաչում եմ ձեր բոլորի փոխարեն, ոչ միայն երեկվա համար, այլ ընդհանրապես բոլոր նման միջադեպերի համար, թե այդ միջադեպերի մասնակիցների, և թե կողքից նայող ու հանդուրժողների փոխարեն: Դրա համար անուններ չեմ տալիս, բոլորդ հավասարապես մեղավոր եք: