Պայթյուններ, հրդեհներ և զոհ. ռուսները գրոհել են Կիևի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական բանակը երեկ գիշեր հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին. Ուկրաինայի մայրաքաղաքում մի քանի հզոր պայթյուն է որոտացել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը սոցցանցերում հայտնել է, որ Կիևի Օբոլոնսկի թաղամասում խոշոր հրդեհ է. այրվում է գրասենյակային շենքի յոթ հարկ։ Այնտեղ մեկ մարդ է զոհվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ իննամյա մի աղջիկ։ Կիևի Գոլոսեևսկի շրջանում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, այրվում է պահեստ՝ 600 քմ մակերեսով։
Հրդեհներ են գրանցվել Կիևի հինգ շրջաններում՝ Սոլոմենսկի, Սվյատոշինսկի, Գոլոսեևսկի, Պոդոլսկի և Օբոլոնսկի:
Այսպես, Սոլոմենսկի թաղամասում հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի տանիքում:
Սվյատոշինսկի շրջանում էլ, ըստ ԱԻՆ-ի, գրանցվել է բեկորների անկում, տուժածներ չկան, իսկ փրկարարները ոչինչ չեն հաղորդում հետեւանքների մասին։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և տեղական իշխանությունները չեն գրում որևէ թիրախի ուղղությամբ ուղիղ հրթիռային հարվածների մասին՝ նշելով միայն, որ դրանք խոցված հրթիռներից բեկորների ընկնելու հետևանքներն են։