Թրամփը գովել է Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը շատ լավ է վերաբերվել ԱՄՆ-ին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Միացյալ նահանգների քաղաքացի Մարկ Ֆոգելի վերադարձի հետ կապված իրավիճակում։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք շատ սիրալիր էին։ Ռուսաստանը մեզ շատ լավ է վերաբերվել», - ընդգծել է Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի այս բարի կամքի ակտը կարող է նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր փուլի մեկնարկին և օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Մարկ Ֆոգելը ձերբակալվել է 2021 թվականի օգոստոսին՝ Մոսկվայում։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա և հաշիշի յուղ։ Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Նախկինում նա եղել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակից։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ռուսաստանը Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ազատ է արձակել ամերիկացի նախկին դիվանագետին, որը դատապարտվել էր թմրանյութերի մեղադրանքով: Թրամփի վարչակազմում պնդել են, թե Ռուսաստանը ազատ է արձակել Մարկ Ֆոգելին, ով ավելի քան երեք տարի անցկացրել է բանտում: Ռուսական մամուլը ևս հակված է այս վարկածը: Ռուսական կողմը, սակայն, պաշտոնապես չի հաստատել ո՛չ Ուիթկոքի ժամանումը, ո՛չ էլ Ֆոգելի ազատ արձակումը։ Միաժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը «X» սոցցանցում հայտարարություն է տարածել Ռուսաստանի հետ գերիների փոխանակման բանակցությունների մասին։