Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն ավելի շատ մտածի Հայաստանի ճակատագրի մասին, քան հենց Հայաստանի ղեկավարությունը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
dzen.ru–ն «Եվ վերջ՝ մենք հեռացել ենք. Սատանովսկին «թաղել» է ամեն կողմից տանջված Հայաստանի՝ Ռուսաստանից օգնության հույսերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը արտաքին անվտանգության և աշխարհի քարտեզի վրա պահպանման հարցերում շարունակում է հույսը դնել Ռուսաստանի վրա, բայց վերջինս այլևս չի անհանգստանալու իր հետ կապերը խզած Երևանի ճակատագրով, հիշեցրել է քաղաքագետ և արևելագետ Եվգենի Սատանովսկին։
Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական մի քանի խոշոր խաղացողների մարտադաշտ, սակայն այժմ Ռուսաստանը նրանց թվում չէ։ Անդրկովկասում հատվել են այնպիսի պետությունների ազդեցության ոլորտները, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, ինչպես նաև կոլեկտիվ Արևմուտքը, որը շարունակում է հավակնել համաշխարհային գերիշխանության:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Սատանովսկին համոզված է, որ «արտասահմանյան» Կովկասն աստիճանաբար հեռանում է նրա ազդեցության գոտուց՝ չնայած մի քանի դար տևած պատմությանը։
Սատանովսկին զարմանում է, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանն ավելի շատ մտածի Հայաստանի ճակատագրի մասին, քան հենց Հայաստանի ղեկավարությունը։ Արևելագետը հիշեցրել է, որ հանրապետությունը գլխավորում է արևմտամետ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն ինչ արել է երկիրը Ռուսաստանի ազդեցության և շահերի գոտուց հանելու համար։ Դրանից հետո Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում Ռուսաստանի միջամտության վրա հույս դնելը միամտություն է, ընդ որում՝ նման սցենար վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ եղել է։
«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է հիմա անհանգստանանք մի երկրի համար, որը ղեկավարում է մի մարդ, որի դերը հայոց պատմության մեջ, հավանաբար, շատ նման կլինի Զելենսկու դերին Ուկրաինայի պատմության մեջ»,- ասել է Սատանովսկին YouTube ալիքում։ Քաղաքագետն Անդրկովկասն անվանել է Ռուսաստանի կողմից կորցրած և հարց է հնչեցրել, թե արդյո՞ք տեսանելի ապագայում այնտեղ կմնա ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրություն հիշեցնող որևէ բան։ Նա կոչ է արել քաղաքական գործիչներին, փորձագետներին, դիվանագիտական անձնակազմին և ԶԼՄ-ներին՝ չխաբել իրենց Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հարցում, սակայն ընդունել է, որ տարածաշրջանից հեռանալը դրական գործոն չէ Մոսկվայի համար։ Այդ միտումը ամրապնդվել է արտաքին քաղաքական միջավայրով, երբ Ռուսաստանի հիմնական ուշադրությունը տեղափոխվել է այլ տարածաշրջաններ, առաջին հերթին՝ Ուկրաինա և Արևելյան Եվրոպա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում