Որտե՞ղ է Թրամփը մտադիր հանդիպել Պուտինին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Թրամփն այս մասին ասել արել է նախագահականի լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ հավանաբար կայցելի Ռուսաստան և Պուտինին կսպասի նաև ԱՄՆ-ում։
«Մենք ելնում ենք նրանից, որ նա կգա այստեղ, իսկ ես կմեկնեմ այնտեղ (Ռուսաստան)։ Իսկ մեր առաջին հանդիպումը հավանաբար կկայանա Սաուդյան Արաբիայում»,- ասել է նա։ Ուկրաինա այցի վերաբերյալ Թրամփը ասել է, որ «կմտածի այդ մասին»։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «անիրագործելի» է համարում։
Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 350 մլրդ դոլար է հատկացրել՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Այդ կապակցությամբ նա ասել է, որ ապագայում Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին, սակայն ակնկալելու է փոխհատուցում հազվագյուտ հանքանյութի մատակարարումների տեսքով։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահները երկարատև հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ուկրաինական հակամարտությունը և դրա ավարտին ուղղված բանակցություններ սկսելու հնարավորությունը։