«Եկան իշխանության և բոլոր չափորոշիչներով գերազանցեցին այն ամենը, ինչ քննադատում էին». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ակնհայտ է, որ իշխանությունն ունի հանրաքվե անցկացնելու օրակարգային խնդիր, որովհետև ինչ եկել են իշխանության, օրակարգում ունեին սահմանադրական փոփոխությունների հարց: Սակայն նախորդ տարվա փետրվարից Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց հենց նոր Սահմանադրությանն անցման մասին հարցն ու օրակարգը, ինչը, ցավոք, հաջորդում էր Ադրբեջանի ղեկավարի հանրային պահանջին առ այն, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններ անցկացնի, որը ենթադրում է նոր Սահմանադրություն: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար խնդրահարույց է մեր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, որով վերջինիս իրավական ուժ է տրվում, ու նախաբանի փոփոխությունը հնարավոր է միայն նոր Սահմանադրության ընդունմամբ, որովհետև այն հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի մաս: Այստեղ ակնհայտ էր պատճառահետևանքային կապը, թե ինչու նոր Սահմանադրություն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:
Նրա գնահատմամբ, հաշվի առնելով հանրային աջակցության և իրենց հանրային ընկալման արդեն փոփոխելիությունը ու համեմատաբար ցածր վարկանիշը՝ փորձեցին, այնուամենայնիվ, հանրաքվեի գործընթացը շրջանցել և գնալ այս զարտուղի իրավական ուղիով՝ Սահմանադրական դատարանի ձեռամբ գնահատական տալով և, իրենց պատկերացմամբ, ձերբազատվելով ադրբեջանաթուրքական տանդեմի համար խնդրահարույց դրույթներից: «Ի հեճուկս այդ գործընթացի, իմ գնահատմամբ՝ անթույլատրելի և հակաիրավական գործընթացի, Ադրբեջանի և Թուրքիայի համար շարունակեց օրակարգային մնալ նոր Սահմանադրության ընդունման պահանջը, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շարունակեցին հանրային հնչեղությամբ պահանջատիրական նկրտումներ ներկայացնել: Իմ գնահատմամբ, այս հերթական հայտարարության մեկնարկը, ինչու ոչ, նաև խնդիր ունի շոշափելու հանրային տրամադրությունները և հանրային արձագանքը, և հերթական անգամ բացելու Օվերտոնի պատուհանը՝ մարդկանց ուղղորդելու և պատրաստելու այդ հանրաքվեին, որովհետև, ըստ էության, իրենց՝ թուրք-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում դա մնում է թուրք-ադրբեջանական կոալիցիայի կողմից աննահանջ պահանջ: Թեկուզ իշխանություններն այդ մեկ ժամ տևող իրավափիլիսոփայական սոփեստությունը փորձեցին «գեղեցիկ փաթեթավորմամբ» անակնկալ կերպով մատուցել հանրությանը, այնուամենայնիվ, մարդիկ էմոցիոնալ մակարդակով, թեկուզ և գուցե ոչ գիտակցված, հասկանում են, որ այդ արկղի մեջ փաթեթավորման ներքո գտնվում են Թուրքիայից և Ադրբեջանից եկող պահանջները: Այստեղ ուրիշ բովանդակություն չկա: Դրանից հետո արդարադատության նախարարը մի փոքր փակագծեր բացեց»,-նշում է մեր զրուցակիցը:
Այստեղ առաջարկում է վերհիշել՝ այս քաղաքական ուժը եկել է իշխանության 2018 թվականին: «Անցել է 7 տարի, օրակարգում ունեցել են սահմանադրական փոփոխությունների հարցը, ունեցել են երկու անգամ ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որոնցից առաջինը կազմալուծվել է 44-օրյա պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ դրա կազմից իրավաբանգիտնականների դուրս գալու հիմքով։
Այնուհետև ձևավորվել է նորը, մոտ չորս տարի արդեն գործում է սահմանադրական բարեփոխումների երկրորդ հանձնաժողովը: Տարբեր մակարդակներում ասել են, այդ թվում՝ արդարադատության նախարարը հայտնեց, որ հայեցակարգի տեքստը պատրաստ է, և արդեն Սահմանադրության տեքստի վրա են աշխատում: Ընդգծենք՝ մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունում նախորդ իշխանությունների օրոք սահմանադրական բարեփոխումների որևէ հանձնաժողով երբեք այսպիսի փակ, հանրային առումով մեկուսացված ձևաչափով չի աշխատել, ինչը հակադրվում է ժողովրդավարության և իրավական պետության արժեքներին, որովհետև հանրային մասնակցելիությունն իրավական պետության ու ժողովրդավարության տարրերի մեխանիզմներից մեկն է: Իրավական ակտերի հանրային քննարկումը, կարգավորման ազդեցության գնահատումը, հանրային մասնակցելիությունն ապահովող կարգավորումները մեր միջազգային պարտավորվածություններից եկող դրույթներ են, որոնք մեր ներքին օրենսդրության մեջ արտացոլվել են: Դրանցից նահանջը հերթական ապացույցն է, որ այս իշխանությունները նահանջ են կատարում ժողովրդավարական արժեքներից և իրավական պետությանը հարիր տարրերից: Որևէ սահմանադրական բարեփոխումների գործընթաց չենք ունեցել, երբ այսքան հարատև գործող հանձնաժողովն այսքան մեկուսի աշխատի և որևէ պրոցեսում հանրային մասնակցելիությունն ու կարծիքը, գոնե մասնագիտական տիրույթի շրջանակում, չապահովի»,-ընդգծում է նա:
Գոհար Մելոյանը եղել է 2013-2015 թթ. գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարության ներկայացուցիչ: «Մարդիկ շաբաթական կտրվածքով հայտարարություններ ու հաշվետվություններ էին ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների տեսքով: Մինչև հայեցակարգի հրապարակումը, հայեցակարգային դրույթները գլուխ առ գլուխ հրապարակում էին: Երբ հայեցակարգը պատրաստ էր, մինչև դրա հրապարակումը և դրանից հետո արձագանքել են ստացված քաղաքացիական առաջարկներին, հրավիրել քաղաքացիներին, լսելի են դարձրել ու քննարկել են այդ առաջարկները, մարզային այցեր են կազմակերպել ու քաղաքացիների հետ քննարկել հայեցակարգային դրույթները: Հիմա, թափանցիկության ու մասնակցելիության բացառապես զրոյական մակարդակ ունենալուց բացի, հայտնվել ենք այն անշնորհակալ կարգավիճակում, որ ինչ-որ պաշտոնյաների կամ հանձնաժողովի անդամ հանդիսացող անձանց հանրային խոսքից քաղում ենք ինչոր բառեր և փորձում դրանցից եզրահանգումներ կատարել: Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ արդարադատության նախարարի խոսքից պարզ է դարձել, որ Սահմանադրության մեջ կառուցվածքային էական փոփոխություն չեն պատրաստվում կատարել: Իրենց կողմից այդքան քննադատված, չարչրկված կառավարման ձևն այժմ արդեն իշխանություն հանդիսացող Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է, և չեն պատրաստվում այդ ուղիով փոփոխություններ կատարել: Գործող մարմինների լիազորությունների, պարտականությունների, գործառույթների առանցքային փոփոխություններ նախատեսված չեն: Հիմա խնդիր ունեն հիմնավորելու՝ այդ դեպքում, եթե որևէ էական փոփոխություն չեն անելու, ինչո՞ւ են գնում նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով: Արդարադատության նախարարը հայտարարեց, որ պատրաստվում են էական փոփոխություններ անել մարդու իրավունքների բնագավառում, այստեղ ընդգծենք, որ 2015 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդունված Սահմանադրության տեքստի՝ մարդու և քաղաքացու իրավունքներին նվիրված գլուխը Եվրոպայի մասշտաբով լավագույն օրինակներից մեկն է համարվել միջազգային կառույցների կողմից: Փաշինյանը փորձում էր այդ սոփեստությամբ հիմնավորել, թե ինչ գլոբալ, կտրուկ փոփոխություններ են անում: Կարծում եմ՝ հետագայում դա թեզ են դարձնելու՝ պատճառաբանելու համար նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, որն ակնհայտորեն, առաջին հայացքից այդ տեքստի բովանդակությանը ծանոթանալով, որևէ կերպ տեղին հիմնավորում չի կարող համարվել: Եթե անգամ այդ տեքստի բովանդակության մեջ խորանանք, եթե այն սկսի իրավական ինչ-որ ձևաչափ ստանալ, այդտեղ մարդու հիմնարար իրավունքների խախտումներ կարձանագրենք»,-շեշտում է կենտրոնի գործադիր տնօրենը:
Նրա հավաստմամբ, այսօր գրեթե բոլոր ոլորտներում խնդիր ունեն ամպագոռգոռ հայտարարությունների պրակտիկ կիրառելիություն ապահովել: «Սկսած մարդկանց կյանքի բարեփոխման տնտեսական ու տեխնիկական հարցերից, ավարտած ժողովրդավարության համար գլոբալ վեհ արժեքներով, գործնականում ամեն ինչ տանուլ են տալիս: Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատճառահետևանքային կապով, հիմնավորված կերպով եկել ենք այն եզրահանգման, որ այս իշխանության օրոք բացարձակ պոպուլիզմի հետ գործ ունենք։ Ամպագոռգոռ խոստումներ են տալիս, հայտարարություններ անում, և այդ ամենը շարունակում է մնալ բանավոր ձևաչափում: Վերջին օրերին Երևանում ձնամաքրման աշխատանքները՝ որպես ամենապարզ և թարմ օրինակ: Քաղաքը տոտալ կոլապսի մեջ էր: Այդքան գովերգած տրանսպորտային միջոցների պարագայում ձեռք չէին բերել ձմեռային անվադողերր»,-ասում է մեր զրուցակիցը:
Զրույցի ավարտին Գոհար Մելոյանն անհանգստություն է հայտնում խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքերի առթիվ, որոնք ժողովրդավարության հենասյունային, մարդու հիմնարար իրավունքներից են: «Քաղաքական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքացիներն առերեսվում են գրեթե ամբողջ՝ թե՛ պատժիչ, թե՛ սահմանափակող գործիքակազմին: Որպես իշխանություն՝ ավելի շատ են կաշկանդված պատասխանատվության ինստիտուտով, որովհետև եկել են իշխանության նախկին իշխանության թերությունները մատնանշելու և քննադատելու հիման վրա, հետևաբար՝ իրենք ավելի շատ պետք է քննադատվեն կաշառակերության, ոչ ճիշտ կառավարման, ձնամաքրման աշխատանքները ոչ հարիր կազմակերպելու, առավել ևս՝ մարդու խոսքի և ազատ տեղեկատվության իրավունքները սահմանափակելու համար: Իրենք ավելի շատ էին կաշկանդված ժողովրդավարական արժեքներով, որովհետև ամենաշատը բարձրաձայնած ու քննադատած քաղաքական ուժն էին՝ որպես ընդդիմություն: Եկան իշխանության և բոլոր չափորոշիչներով գերազանցեցին այն ամենը, ինչ քննադատում էին: Ամենաթարմ դեպքը՝ Էդգար Ղազարյանի խոսքը սահմանափակեցին: Այս հարցի հետ կապված մի շարք օրենսդրական փաթեթներ ունեցանք, արտակարգ իրավիճակ՝ քովիդով պայմանավորված, ռազմական դրություն և այլն: Կառավարության որոշումների մեջ ամենալայնամասշտաբ սահմանափակումները խոսքի և տեղեկատվության ազատությանն են վերաբերում։ Սա հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ հարուստ պրակտիկային, որտեղ պետության հետ հարաբերություններում շատ մանրամասն ու մի շարք դրսևորումներով դրանք նկարագրված են, և հետագայում պետություններն են պատասխանատվության ենթարկվում նմանօրինակ սահմանափակումների համար»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram