Կլինի՞ նոր պատերազմ, դա է 2025 թվականի Հայաստանի հիմնական հարցն ու գլխավոր մտահոգությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կլինի՞ նոր պատերազմ։ Սա այն հիմնական հարցն է, որ հիմա հնչում է թվացյալ անվտանգ և ժպտացող Երևանի փողոցներում, գրում է novayagazeta.ru–ն։ Հյուրերը, խորասուզված իրենց մտահոգությունների մեջ, երբեմն միամտորեն զարմանում են. «Մի թե՞ ամեն ինչ չի ավարտվել»:
1988 թվականի սկզբի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը ստվեր գցեց Գորբաչովյան պերեստրոյկայի ակնկալիքների վրա և ի վերջո խափանեց այն: Հետո հարյուր հազարավոր հայեր արտաքսվեցին Ադրբեջանից, ինչպես նաև էթնիկ ադրբեջանցիներ Հայաստանից: 1994 թվականի սկզբին, երբ Ռուսաստանին արդեն չէր հետաքրքրում այդ ամենը, հայկական զորքերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ ամայի բուֆերային գոտին, և սկսվեցին «կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ» անվերջ բանակցությունները։ Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։
Մեկ սերունդ անց՝ 2016 թվականի ապրիլին, Ադրբեջանն իրականացրեց հետախուզություն գրոհով։ 2020 թվականի աշնանը, երբ «միջազգային հանրության» ուշադրությունը շեղված էր կովիդով, բրեքսիտով և Թրամփի առաջին ընտրությամբ, Ադրբեջանը կարողացավ 44-օրյա արյունալի պատերազմի ընթացքում ճեղքել Ղարաբաղում հայկական պաշտպանությունը։ Անօդաչու թռչող սարքերը, այդ թվոում թուրքական «Բայրաքթարները», առաջին աղմուկը բարձրացրեցին ամբողջ աշխարհում: Թուրքական և իսրայելական ռազմական զարգացումների օգտագործմամբ ցավալի «սրացումների» հաջորդ շարքը ցույց տվեց, թե որքան է հնացած տիպիկ խորհրդային-ռուսական մոդելի հայկական բանակը։ 2023 թվականի սկզբին Բաքուն փոխեց իր մարտավարությունը՝ սահմանելով Ղարաբաղի շրջափակում բողոքող «բնապահպանների» պիկետներով, որոնց աջակցում էին Ադրբեջանի հատուկ ջոկատայինները։ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղն ընկավ, և ողջ հայ բնակչությունը լքեց այն։ Ռուսական «խաղաղապահ զորախումբը» ապշեցուցիչ պասիվություն դրսևորեց, նույնիսկ երբ նրա ներկայացուցիչները սպանվեցին թվացյալ պատահական միջադեպում (անգամ վիրավորներ չկային): Հասնելով բուն Հայաստանի սահմաններին և գրավելով մի քանի ռազմավարական բարձունքներ Ադրբեջանը սկսեց առաջ քաշել «խաղաղության հաստատման» բազմաթիվ պահանջներ, որի գագաթնակետը 2025 թվականին հնչեցրած Հայաստանի «ապառազմականացման ու ապաազգայնացման» պահանջն է։ Ծանո՞թ է հնչում, չէ: Ուրեմն նորից պատերազմ կլինի:
Իրականում ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է։ Ադրբեջանն ամենևին էլ «արևելյան դեսպոտիզմի» հրեշ չէ, ինչպես և հայերն օժտված չեն «դարերի իմաստությամբ»։ Հելլենիստական կամ բյուզանդական դարաշրջանում հայերի հնագույն նախնիները եղել են կռվարար ֆեոդալներ, ինչպես բոլոր լեռնաշխարհի բնակիչները: Բայց հետո դարերի ընթացքում կռվարարները զոհվեցին արաբական և թուրք-մոնղոլական նվաճումների ժամանակ: Մնացին գյուղացիները, որոնք ստիպված էին գնալ քաղաքներ փող աշխատելու համար, իսկ այնտեղից էլ այլ երկրներ՝ Վենետիկից և Յարոսլավլից մինչև Մանիլա, դարաշրջանի շուկայական ուղիներով: Դրան գումարվեց հնագույն հայկական եկեղեցու գործոնը՝ իր այբուբենով և վանքերով, որտեղ գրվել են ձեռագրեր ու մանրանկարներ։ 19-րդ դարում, կրթության ձգտման արդյունքում հայտնվեց ժամանակակից մտավորականությունը, որը բացահայտեց, որ իրենց նախնիներն ինչ որ բան էին ներկայացնում, գրեթե հելլեններ, թեև, ավելի ճիշտ կլիներ ասել կելտեր։
Հայկական ազգայնականությունը կառուցվածքային առումով նման է իռլանդական ազգայնականությանը, նույն ժողովրդագրական աղետը պատմական հայրենիքում և ազգի մեծամասնության վտարումը սփյուռք, քրիստոնեության հալածված տարբերակի համադրումն ազգային գաղափարին: Ի դեպ, հայտնի «Դաշնակցություն» կուսակցությունը (բառացի՝ «Հեղափոխական Դաշնակցություն») արմատներով ռուսական «Ժողովրդական կամք»–ից է և դեռ գործում է կարմիր դրոշի ներքո և այսօր իրեն Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության պես է պահում։
Ադրբեջանը կարող է հպարտանալ իր նույնքան կենսունակ թյուրքա-պարսկական ժառանգությամբ և իր մտավորականության տպավորիչ մոդեռնիզմով: Եթե Սերգո Փարաջանովը (ո՞ւմն է այդ մեծ կոսմոպոլիտը) ավելի երկար ապրեր, ապա կնկարահաներ «Աշիկ Քերիբան» և կդառնար ադրբեջանական ժառանգության վիզուալ բանաստեղծ այնպես, ինչպես որ մնում է ուկրաինական, վրացական և հայկական կինոյի լեգենդներում։ 20-րդ դարի սկզբին ադրբեջանական մտավորականությունը ցարական Ռուսաստանի, շահական Պարսկաստանի և անկում ապրող օսմանցիների հանգույցում ստեղծեց ժողովրդավարական շարժում։ Այսինքն «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»–ը զրոյից չէր առաջացել պերեստրոյկայի տարիներին: Նրանք զավթեցին իշխանությունը, թեև չկարողացան պահել այն 1990-ականների սկզբին հայկական հարձակման ավերածությունների և սարսափի պայմաններում: Եվ հետո Հեյդար Ալիևը վերադարձավ խավարով պատված Բաքու։ Ալիև Ավագը Բրեժնևի օրոք հիշվում է որպես շողոքորթ։ Բայց նա կարող էր դառնալ «սիրելի Լեոնիդ Իլյիչի» ժառանգը։ Բայց Մոսկվայում հասկացան, որ 1940-ական թվականներին ԿԳԲ-ում ծառայության անցած ադրբեջանցին կարող է Լավրենտի Բերիա դառնալ։ Եվ 1969 թվականին նա նշանակվեց կոռուպցիայի և խնդիրների մեջ թաղված Ադրբեջանի առաջին քարտուղար։ Ինչպես Բերիան, այնպես էլ Հեյդար Ալիևիչն ուներ բիզնես հոտառություն, բայց կարող էր նաև հմայել իր զրուցակցին, ինչպես հետագայում դա եղավ Մարգարետ Թետչերի հետ, ով 1990-ականներին կարիք ուներ ապահովելու British Petroleum-ի ապագան Կասպից ծովի նավթահանքերում: Հասկանալով, որ, եթե նավթ լինի, փող կլինի, Ալիև ավագը Ղարաբաղը մղեց ռազմավարական ակնկալիքների կատեգորիա։ Բացի դա Ադրբեջանը, որտեղ խորհրդային զինվորականները ժամանակին իրանական սահմանին կառուցել էին օդանավակայաններ և հսկողության կայաններ, դարձավ Իսրայելի լուռ գործընկերը: Մնացին նաև Ֆինանսական և «բարեկամական» շահերը Ռուսաստանի հետ: Պուտինի պատկերով միակ փոստային նամականիշը թողարկվել է Ադրբեջանում, որտեղ նա նրբանկատորեն նույն հասակն ունի ինչ Հեյդար Ալիևը։ Հենց այդ ժառանգությամբ էլ վերջինս իշխանությունը փոխանցվեց կրտսեր Ալիևին։
Հետխորհրդային Հայաստանն ուներ իր հզոր հարևանին՝ Ռուսաստանին ընդօրինակելու սեփական, բավականին գավառական փորձերը։ Բայց ինչպե՞ս կարելի է անհատի պաշտամունք սերմանել մի ժողովրդի մեջ, որն ունի Շառլ Ազնավուր: 2018 թվականի գարնանն ընդօրինակողների երևանյան ռեժիմն ընկավ ապշեցուցիչ հեշտությամբ։ Ավելին, իշխանությունը բաժին հասավ ընդդիմադիր լրագրող և ազդարար Փաշինյանին։ Անմիջապես պարզ դարձավ, որ Պուտինը (և հատկապես Լուկաշենկոն) չեն ընդունելու «Նիկոլ Վովաևիչին»։ Ի՞նչ են անելու նրա հետ։
Ադրբեջանական հարձակումը Ղարաբաղում կանխորոշված էր, ինչպես ասում են ամերիկացի քաղաքագետները։ Կանխորոշված էր գործոնների համակցությամբ: Բայց Փաշինյանը զարմանալիորեն համառ էր: Չնայած պատերազմում կրած ջախջախիչ պարտությանը, 2021 թվականին տեղի ունեցան ընտրություններ, որոնց ժամանակ նախկին իշխող կուսակցությունները մեծ աղմուկ բարձրացրին, բայց չկարողացան համոզել ընտրողներին։ Տնտեսական աճ կար, ոնց էլ նայես։ Թե ինչո՞ւ էր դա այդպես, առանձին հարց է: ՏՏ ոլորտն իր գլոբալ կապերով և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կողմնակի ազդեցություններով (ինչպես մաքսանենգությունից, այնպես էլ վերաբնակիչների ժամանումից) համարվում են տնտեսության շարժիչ ուժերը:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ 2025 թվականի սկզբի իրավիճակի մասին: Ներքին և արտաքին քաղաքականության մանրամասները թողնենք փորձագետներին։ Տարին վտանգավոր է լինելու: Բաքվում, Մոսկվայում, Անկարայում և շատ այլ վայրերում մեզնից վատ չեն հասկանում, որ Հայաստանն անցել է ամենացածր կետը և գնում է, եթե ոչ հավասարակշռության, ապա գոնե դիմադրության բավարար աստիճանի։ Ինչպե՞ս կանգնեցնել դա: Այդտեղից էլ Բաքվի «դիսկուրսիվ» ճնշումը, այսինքն սպառնալիքների հոսքը, Ղարաբաղի ղեկավարների դատավարությունը, պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունն ու զինանշանը, կես միլիոն էթնիկ ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու պահանջը (բայց, իհարկե, ոչ հայերին Ադրբեջան), հայհոյանքները Ֆրանսիայի նկատմամբ և այլն։ Հնարավոր են հետագա սրացումներ սահմաններին և նույնիսկ ճակատային բախումներ։ Շատ բան կախված կլինի Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում, Եվրոպայում և հատկապես Վաշինգտոնում իրավիճակի փոփոխությունից։ Ահա թե ինչու են Երևանի փողոցներում պատասխանում. «Մեր հույսը Աստվածն է, բայց ինքներս էլ քնած չենք»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը