Ֆրանսիան պատրաստ է միջուկային զենքով կործանիչներ տեղափոխել Գերմանիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիան պատրաստ է միջուկային զենքով կործանիչներ տեղափոխել Գերմանիա, եթե ԱՄՆ միջուկային զսպման ուժերը լքեն Գերմանիան, երեքշաբթի հայտնել է The Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Գերմանիայում միջուկային զենքով ֆրանսիական կործանիչների տեղակայումը բարդ ընթացակարգ չի լինի, բայց հզոր ազդանշան կհղի»,- ասել է թերթի աղբյուրը և զգուշացրել, որ այդ միջոցների վերաբերյալ պաշտոնական խնդրանք դժվար թե ստացվի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիները դուրս չեն բերել իրենց միջուկային զսպման ուժերը Գերմանիայից։
Բեռլինում անանուն դիվանագետը The Telegraph-ին ասել է, որ Փարիզի նման նախաձեռնությունները կխրախուսեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին նմանատիպ քայլեր ձեռնարկել և ցույց տալ Լոնդոնի պատրաստակամությունը ապահովելու Եվրոպայի անվտանգությունը:
Հրատարակությունը հիշեցնում է, որ Ֆրանսիան ունի 300 միջուկային մարտագլխիկ, այդ թվում՝ ծովային և օդային։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի միջուկային զսպման ուժերը ներկայացված են Vanguard դասի չորս միջուկային ռազմավարական սուզանավերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 16 միջուկային մարտագլխիկ:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ «կոշտ ռազմավարական իրողությունները» կխանգարեն ԱՄՆ-ին առաջնահերթություն տալ Եվրոպայի անվտանգությանը։ Նա ասել է, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա, քանի որ ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում մի օր կարող է ավարտվել:
The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Հեգսեթը նախորդ շաբաթ Եվրոպա կատարած այցի ժամանակ խոսել է տարածաշրջանից ամերիկյան զորքերի մի մասը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրության մասին: