«Վերջին դաս»-ի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է իջեցրել հանրակրթական դպրոցներին եւ հանձնարարել՝ ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել «մշակութային կրթության տարվա» շրջանակում:
Գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, եւ այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով, նախարարության կողմից նախատեսվում է նաեւ մրցույթի անցկացում. կձեւավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգեւատրվեն:
Միաժամանակ, շրջաբերական-գրության մեջ շեշտվում է, որ վերոնշյալ միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքը:
«Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը, այդ թվում՝ նաեւ ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված՝ ուղղված սցենարին, լուսանկարահանմանն ու տեսանկարահանմանը, դպրոցների եւ դասարանների ձեւավորմանը, հագուստներին, ավարտական երեկոյին եւ նվերներին»,- մասնավորապես նշվում է շրջաբերականում:
Ի դեպ, նույնաբովանդակ գրություն է ուղարկվել ոչ միայն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների, այլեւ ոչ պետական դպրոցների տնօրեններին: ԿԳՄՍՆ-ն նաեւ հորդորել է ծնողներին՝ պարտադրված դրամահավաքների դեպքում զանգահարել նախարարության թեժ գիծ եւ տեղեկացնել այն «օրինազանցների» մասին, ովքեր կընդդիմանան ԿԳՄՍՆ շրջաբերականին:
Սակայն ողջ համացանցը եւ կոնկրետ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջը ողողված է այս շրջաբերականից դժգոհ մանկավարժների, ծնողների, աշակերտների գրառումներով։ Նրանք իրենց հակափաստարկներն ու առարկություններն են ներկայացրել։ Այսպես, օրինակ․
Մարինա Գեւորգյան - Ամեն ինչին «դրամահավաք» անդուր պիտակը մի կպցրեք, ի սեր Աստծո…։ Կրթամշակութային բովանդակությամբ միջոցառումը պիտի ունենա մի քանի բաղադրիչ. երգ, պար, ասմունք, ձեւավորում, պատշաճ հագուկապ, այդ ամենը հավերժացնող տեսանկարահանում՝ բարձր որակի (ի վերջո, մեկ անգամ է լինում եւ ամբողջ կյանքի համար հիշարժան դրվագ է)։ Դեռեւս՝ այսքանը, որպեսզի կայանա մրցունակ միջոցառում հարյուր եւ ավելի երեխայի մասնակցությամբ։ Ո՞վ է անվճար պարուսուցում անելու, երգի նվագակցում, սցենարների կազմում… Ո՞վ է ապահովելու ակնահաճո ներկայանալի տեսք, մշակութային բովանդակությունը լրացնող մի շարք դետալներ եւ ձեւավորում (ըստ միջոցառման թեմատիկայի)։ Վերջին զանգը հնչում է 1 անգամ, եւ մեզնից սկսած՝ դա եղել է ամենասպասվածը դպրոցական տարիներին...Իմ կրծքանշանը՝ զանգակով, տեսագրությունը, ֆոտոալբոմը թանկ մասունքներ են պատանության անհոգ օրերից… Իմ մեծ տղան 4-րդ դասարանում զրկվեց տարրական օղակն ավարտելու միջոցառումից, ավարտական դասարանական լուսանկար՝ դասվարի հետ, չունի (քովիդ համավարակն էր, ամենը՝ արգելված), փոքր տղաս չունի «Առաջին քայլեր» ալբոմ, արգելվեց, չարվեց, չունի… Հիմա 9 տարի սպասել ենք, հերթը հասավ մերոնց ավարտականին, սա էլ էսպես… Շորն ու կոշիկը առնում ենք, որ հագնեն, ինչ էլ որ անում ենք, հանուն մեր երեխաների է, ինչպես որ ձեր ժամանակ ձեր ծնողներն են արել, հարգելի պատկան մարմիններ... երեխաներն են ուրախացողը, դպրոցը դրանից չի տուժում, ոչ էլ շահ ունի, կներեք...։
Anna Grigoryan - Լավ, ես էլ մի առաջարկ ունեմ ձեզ. տրամադրեք ֆինանսական միջոցներ՝ դպրոցը զարդարելու, տեսանկարահանման համար… Իսկ եթե ավելի պարզ, ապա ասեմ․ ծնողները, անկախ նախնական պայմանավորվածությունից, գնում են նոր վերնաշապիկ ու կիսաշրջազգեստ/տաբատ, նոր կոշիկներ, դա անում են իրենց երեխայի համար ու դա չի համարվում դրամահավաք, իսկ եթե պայմանավորվում են միատեսակ հագնել, դա էլ արվում է սեփական երեխայի համար, ոչ թե դպրոցի, իսկ դպրոցում, այն էլ՝ ձեր ասած վերջին դասին, հաստատ խայտաբղետ հագած չեն գա… Կրկին շեշտեմ․ 3-ից 2-ը պարտադիր նորն է գնում, դրա վրա արգելանք չեք կարող դնել, հիմնավորում չունեք…
Արգելեք-չարգելեք՝ դասարանը ձեւավորում են փուչիկներով, այ, հարց է, թե յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ինչ խստությամբ կկարգավորի էդ ձեւավորելու բյուջեն. փուչիկները մեծ գումար չեն, ինքնուրույն էլ կարող են ձեւավորել՝ առանց հարսանիքի ճոխության հասնող ատրիբուտներով…
Անցնենք ծաղիկներին. հարգելիներս, ուսուցչին ծաղիկ նվիրելով չեն կաշառում, ուսուցիչը դրանից կողմնակի եկամուտ չի ստանում… Կարող եք էդ օրերին ծաղկի շուկայի գնաճը կարգավորել…
Հասանք քեֆ-ուրախությանը. էդ անձնական ծախս է համարվում, կլինի շոր, կոշիկ, վարսահարդարում, դիմահարդարում, ռեստորանի քեֆ-ուրախության աթոռավճար… Շատերը գնում են դրան հաջորդող օրերին, շատերը՝ քննությունների ավարտից հետո… Ինչ գրել եմ, անխտիր կատարվում են բոլոր դպրոցներում՝ ավարտական դասարաններում, իսկ իմաստն էն է, որ քաջատեղյակ եք էս ամենից, բայց, չգիտես ինչի, հրեշտակի թեւերով ու անիմաստ հորդոր եք հրապարակում, որտեղ ձեր նշած դրամահավաքը տեսանկարահանման հետ կապված էս ամբողջի մեջ 0,5%-ն է ու երեխաների հիշողությունը, որն ամենակարեւորն է… Շատ կետերով կարող եք կարգավորել վերջին դաս ասվածը, բայց դուք չորուցամաք ասում եք՝ դրամահավաք չլինի… Ոնց որ երեխուն ասես՝ դուրսը անձրեւ է, փորձվես՝ թաց կոշիկներով տուն գաս…։
Lusine Machkalyan - Եթե ավարտող երեխայի համար ճոխություն է նոր հագուստ ունենալը, հիշողության համար նկարահանումն ու բեմից դպրոցին ու ուսուցիչներին հրաժեշտ տալու հնարավորությունը, ուրեմն վերանայեք ձեր ծախսերը, հավելավճարներն ու ճոխ մեքենաներով երթեւեկելը, որովհետեւ դրանք մեր փողերով են արվում։ Իսկ իմ երեխայի ավարտական միջոցառման գումարը ես եմ աշխատում ու ոնց կուզեմ, կծախսեմ։ Ոչ մի պարտադրում չկա ու չի եղել։ Դուք ձեր անիմաստ որոշումներով գլխիվայր շրջում եք ամեն լավ բան։ Ու ո՞նց եք կարողանում բոլոր ոլորտներում ընդունել այսքա՜ն անիմաստ որոշումներ, ապշել կարելի է։
Qnarik Zaqaryan - 12 տարի սովորենք, ու չլինի՞ մեր սպասված միջոցառումը: Լավ, դուք քարի սիրտ ունե՞ք: Ամեն տարի արել են, այս տարի՞ պետք է արգելանք դնեիք:
Ինչո՞ւ պետք է այս որոշման պատճառով երեխաները տուժեն։
Ես՝ որպես աշակերտ, կտրականապես դեմ եմ ձեր որոշմանը:
Մենք 12 տարի սովորում ենք, երազում վերջին զանգի մասին, ու հիմա ուզում եք այդ հիշարժան օրը մեզնից խլե՞լ։ Սա պարզապես անարդար է, եւ մենք չենք լռելու:
Իսկ ինչ վերաբերում է մշակույթը պահպանելուն, նախ այնպես արեք, որ չխլեն մշակույթը, նոր մտածեք այն պահելու մասին:
Syuzi Movsisyan - Վերջին զանգը շատ գեղեցիկ եւ հիշարժան միջոցառում է։ Ավարտական դասարանների աշակերտները սրտատրոփ սպասում են դրան։ Ամեն տարի կազմակերպվել է ու դարձել տոն։ Հիմա արգելո՞ւմ եք աշակերտներին վայելել այդ հաճույքը։ Դեմ չենք՝ թող լինի մշակութային, սակայն դրա համար էլ է պետք նախապատրաստվել։ Դուք՝ ձեր միջոցներով, մենք՝ մեր։ Եվ հետո՝ ինչպե՞ս պիտի համեմատեք եւ խրախուսեք առավել գեղեցիկ եւ մրցունակ միջոցառումը, եթե չլինի նկարահանում։ Ամեն դասարան պիտի ներկայացուցի՞չ գործուղեք։ Բա այդքան գործուղման գումարները ծախս չե՞ն համարվում: Հարգելի ԿԳՄՍՆ, վերանայեք ձեր աբսուրդ որոշումը:
Anush Papyan - Բովանդակային առումով այդքան էլ պարզ չի պահանջը: Կա՞ արդյոք որեւէ ձեւաչափ, որին պետք է հետեւել: Քանի որ մրցութային է, կարելի է նաեւ տրամադրել չափանիշները, որպեսզի սովորողները եւ ուսուցիչները նախապես իմանան՝ ինչպես պատրաստվել միջոցառմանը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ԿԳՄՍՆ շրջաբերականին, նկատում է, որ դրամահավաքների վերաբերյալ նախկինում էլ բազմիցս քննարկումներ են եղել, իր տեսակետն այս հարցում անփոփոխ է։ «Կառավարությունը դպրոցներին բյուջե պետք է տա ու դրա անունը դնի՝ վերջին զանգի ծախսեր, որի մեջ կմտնեն այդ վինետկայի, դահլիճի հարդարման եւ այլ ծախսերը, որովհետեւ կան բաներ, որոնք, ավանդույթի համաձայն, պետք է արվեն, եւ դա ծնողների ցանկությունն է։ Եթե ռեալ խոսենք, այս պարագայում ուղղակի անհնար է առանց դրամահավաքի, ցանկացած ծնող, որի երեխան ավարտել է, այդ ծախսերն արել է, դա անխուսափելի է, որովհետեւ երեխաները, ի վերջո, ինչ-որ տեղ պե՞տք է հավաքվեն ու նշեն»,-ասում է փորձագետն ու նշում, որ այս հարցին 2 լուծում կա։
«2 տարբերակ ունենք՝ կա՛մ կառավարությունը բոլոր դպրոցներին հատուկ բյուջե է հատկացնում՝ վերջին զանգի կազմակերպման համար, ու այդ դեպքում դպրոցն ասում է՝ հարգելի ծնողներ, մենք անհրաժեշտ գումարն ունենք՝ վինետկայից մինչեւ միջոցառման ծախսեր, քեֆն այդքան էլ կարեւոր չէ, ու դա արդեն պետության խնդիրը չէ, բայց որոշակի բյուջե դպրոցին՝ ամեն ավարտող դասարանի հաշվարկով, կա՛մ դու պետք է տաս, կա՛մ դա ծնողները պետք է դնեն։ Ի դեպ, ծնողները պատրաստ են դա անելու, որովհետեւ իրենց երեխայի, հիշողության համար է։ Դրա համար այս շրջաբերականն արհեստական մի բան է, որով մենք ուզում ենք կեղծավոր ձեւով ասել, որ մենք դրամահավաքին դեմ ենք։ Ուրիշ բան, որ այդ դրամահավաքը տեղի է ունենում ահռելի եւ ուռճացված ձեւերով, ինչը, ցավոք սրտի, երբեմն լինում է, որովհետեւ լինում են ծնողներ, ովքեր ֆինանսապես ապահովված են եւ առաջարկում են ճոխ միջոցառում անել, որը շատ ընտանիքների համար խնդիր է։ Սակայն այդ մինիմալ բաները պետք է արվեն, քանի որ անխուսափելի է դա։ Եթե դեմ ենք, ուրեմն տեղը այլ բան պիտի առաջարկենք, իսկ եթե պետությունն այդ գումարն առանձին բյուջեով հատկացնի, այդ դեպքում կարելի է կոշտ ասել՝ չփորձվեք գումար հավաքել, բայց եթե չես տալիս, ուրեմն պետք է հավաքեն, բա ի՞նչ պիտի անեն․․․»։