Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուժեղ, սկզբունքային, խելացի ու ազնիվ տղա էր». Սերյոժա Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերյոժան մեր առաջնեկն էր: Պատասխանատու էր փոքր տարիքից: Կարող էինք իր մոտ երեխաներին թողնել՝ վստահ լինելով, որ նրանց մասին հոգ կտանի: Ընդունակ ու մտածող երեխա էր: Այդ մասին էին վկայում մանկապարտեզից, դպրոցից եկող արձագանքները: 18 տարեկանում այնքան հասուն տեսակ էր դարձել: Հետաքրքիր անհատականություն ու մարդ էր: Շատ ընկերասեր ու մարդասեր էր, խելացի ու հնարամիտ, արդար, ազնիվ ու սկզբունքային։ Սրանք լոկ բառեր չեն։ Շատ կենսուրախ էր, բայց որքան կատակասեր էր, նույնքան լուրջ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Սերյոժայի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ բոլոր առարկաներն իրեն հեշտությամբ էին տրվում: «Բայց ինչ-որ տարիքում տղաները սկսում են առանձնապես չսովորել: Սերյոժան անգամ այդ չսովորելու պարագայում այնքան շատ բան գիտեր: Ամեն ինչից գլուխ էր հանում։ Ցանկացած բան կարող էր շատ արագ ուսումնասիրել ու հասկանալ։ Շատ էի ուրախանում, երբ ասում էր՝ չլինող բան չկա, կամ՝ միշտ ելք կա։ Մտածում էի, որ դրանք շատ կարևոր սկզբունքներ են ապրելու և պայքարելու համար։ «Թումո» էր հաճախում, շատ էր սիրում ռոբոտաշինությունը: Իրեն խորհուրդ էի տալիս ծրագրավորում սովորել, բայց նրան ռոբոտաշինությունն էր հետաքրքրում: Տանն էլ անընդհատ ինչ-որ բան էր սարքում, օրինակ՝ էլեկտրաէներգիա ստանալու սարք և այլն: Գծագրեր ունի: «Թումոյից» էլ դրական արձագանքներ շատ ենք ստացել, որ լավ ուսանող է»:

Դպրոցն ավարտելուց հետո Սերյոժան ընդունվել է Տնտեսագիտական համալսարան: Միայն կես տարի է հասցրել լինել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող, այնուհետև 2022 թ. հունվարի 12- ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Կապանում: «Անհամբեր սպասում էր, թե երբ պետք է 18-ամյակը լրանա: Մինչև բանակ գնալն անգամ հասցրեց ընտրությունների մասնակցել, իր համար կարծես դա ևս կարևոր մի բան լիներ:

Երբ ծառայում էր, անընդհատ մտքով իր հետ էի՝ Սերոժիս կյանքը հեշտ չի լինելու, որովհետև այդքան սկզբունքային լինելու դեպքում մարդու կյանքը հեշտ չի լինում, նա անընդհատ պայքարի մեջ է: Իսկ հետո, երբ այս դեպքերը եղան, մտածում էի՝ իր պայքարն այսքան շուտ պետք է ավարտվե՞ր: Ցանկացած հարցում մինչև վերջ էր գնում ու ամեն ինչին լուրջ էր մոտենում: Ուժեղ տղա էր»:

Երբ հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացողությունների մասին, տիկին Անուշն արձագանքում է. «Բանակը մեզ համար շատ կարևոր է եղել: Առանձնահատուկ հարգանք եմ ունեցել զինվորականների նկատմամբ: 1990-ականներից հետո ակնարկներ էի գրում զոհված զինծառայողների մասին: Գիտեի, որ այդտեղ մեծ առաքելություն ու պատասխանատվություն կա: Բայց երբ մայրիկ էի դարձել, փորձել էի սահմանափակել իմ ազդեցությունը երեխաներիս վրա: Երևի յոթ տարեկան էր Սերյոժան, ասում էի՝ իրեն ճիշտ դաստիարակություն կտամ որպես հայ քաղաքացի, բայց որպես մամա՝ վախենում եմ դրանից: 44-օրյայի ժամանակ տղաս անընդհատ ասում էր՝ գնում եմ զինկոմիսարիատ, ասեմ, որ ինձ տանեն: Բարկանում էի՝ Սերո՛ժ ջան, ձեր ժամանակը չէ: Իմ ներսում էլ անհանգստություն կար: Պատերազմը վերջանալուց հետո անկեղծացավ. «Մա՛մ, գնացել ենք զինկոմիսարիատ, բայց մեզ չտարան, ասացին՝ ձեր ժամանակը չէ»: Երբ իրեն ճանապարհում էի, խիստ անհանգստություն մոտս չկար, իր մոտ էլ դա չէի նկատում: Թե ինչպես էր իրեն դրսևորելու բանակում, հանգիստ էի: Կարծում էի, որ խաղաղություն կլինի»:

Մայրիկը մի դրվագ է հիշում: «Իր ընկերներից Սիփանն անմահացավ 44-օրյա պատերազմում: Շատ սպասված երեխա էր ընտանիքում: Բանակ գնալու նախորդ օրը Սերյոժայի հետ գերեզմանատուն այցելեցինք, բոլորի մոտ խունկ ծխեց, վերջում եկանք իր ընկերոջ շիրիմի մոտ, կրակը վառելուց տեսա, թե ինչպես արցունքը կաթեց Սերյոժայի աչքից: Հասկացա, թե որքան ծանր է եղել այդ կորուստն իր համար, բայց մինչ այդ ոչինչ չէր ասել: Գյուղում 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձան ունենք: Այն կանգնեցվել է բնակիչների ջանքերով և հովանավորությամբ: Ամուսինս այդ հուշարձանի հիմքը դնողներից մեկն է եղել: Սերոժս էլ, որպես ակտիվ և ակնածանքով երիտասարդ, աշխատել է այդ հուշարձանի տեղադրման և մյուս աշխատանքների ժամանակ: Այդտեղ ընկերոջ նկարն էր, պատերազմից հետո նրա հայրիկն ասել էր, որ Սերոժի նկարն էլ դնեն իր որդու նկարի կողքին»:

Մայրիկի խոսքով, որդին շատ չի կիսվել բանակային օրերի մասին, որևէ բան չի խնդրել տնից: «Կազմակերպված էր, մտածող, իր արարքների համար պատասխանատու: Կարող էր ուրիշների համար խնդիրների մեջ ընկնել, ոչ թե իր: Նման դեպքեր ևս եղել են, բայց ես դա իրենից չեմ իմացել: Նույնիսկ դիրքեր բարձրանալուց ինձ չէր ասել»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ներքին Հանդի դիրքերը ևս նրա թիրախում էին, որտեղ հերթապահություն էր իրականացնում նաև Սերյոժան: Սեպտեմբերի 12- ին է եղել ընտանիքի ու որդու վերջին զրույցը: «Սովորաբար օրվա մեջ մեկ անգամ էինք զրուցում, ինձ ասում էր՝ երբ քեզ պետք է, զանգի, արձագանքում էի՝ վախենում եմ զանգել ու քեզ խանգարել: Այդ օրը խոսել ենք երկու անգամ, մեկ անգամ առավոտյան, մյուսը՝ երեկոյան: Վեցն անց կես զրուցել ենք, ութին պետք է դիրքի հերթապահությունն ավարտվեր: Երբեք իրեն ավելորդ հարցեր չեմ տվել, ավելին՝ սեպտեմբերի 13-ից հետո եմ իմացել, որ դիրքում է եղել: Վախենում էի ավելորդ հարցեր տալ, որ հանկարծ իրեն չվնասեի:

Զրույցի ժամանակ ասաց՝ տղաները պոմիդորով ձվածեղ են սարքում: Հարցրեցի՝ բա ե՞րբ եք հաց ուտելու, արձագանքեց՝ սպասի տեսնենք, էս որ գալիս են, ի՞նչ են ասում, նոր կերևա: Մտածեցի՝ մեր զինվորականներն են, երևի շրջում են դիրքերում: Եվ հրաժեշտ տվեցինք իրար, որ էլի իրեն չխանգարեի: Երկու տարի է՝ մտածում եմ՝ հավանաբար մերոնց մասին չէր ասում, այլ տեսնում էր մոտեցող զորքի շարժը»:

Իսկ հետո Սերյոժայի հեռախոսն անհասանելի է դարձել: «Երբ կողքի դիրքերն ընկել են, երեք դիրք հայտնվել է շրջափակման մեջ: Պաշտոնապես ոչինչ չի ասվում: Գիտենք, որ երկար կռվել են, անմահացել հրետանու և անօդաչուների հարվածներից: Իրենց դիրքում եղել են ութ հոգի, մեկը փախել է, մյուսը՝ գերեվարվել, հրաշքով ողջ մնացել և վերադարձել, վեց տղաները զոհվել են»: Սերյոժան անմահացել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N դիրքում:

Սեպտեմբերի 17-ին թշնամին փոխանցել է մեր 35 տղաների մարմինները: Նրանցից մեկը Սերյոժան էր: «Բայց իրեն գտել ենք ամսի 19-ի երեկոյան: Այդ մեկ շաբաթը բոլորը միաբերան պնդում էին՝ Սերոժն անպայման կգա: Ճանաչում էին նրան ու գիտեին հնարավորությունները։ Բայց կռիվը շատ թեժ է եղել, ասել էր՝ ոչ ոք դիրքից մի քայլ չհեռանա»։

Ծառայելու ժամանակ Սերյոժան մտքեր է ունեցել պայմանագիր կնքելու և բանակում ծառայությունը շարունակելու: Մայրիկը խնդրել է ավարտել պարտադիր զինծառայությունն ու տուն վերադառնալ: «Ասում էի՝ պետք չի, վերջացրու ծառայությունդ, տուն արի, այնքան գործ ունենք անելու: Բայց ընկերները պատմում են՝ պայմանավորվել էին, պետք է տղաներից մեկը մեկներ ծառայության, Սերյոժան պետք է սպա դառնար, միասին ծառայեին: Սերյոժան ու իր շրջապատի տղաներն այնքան լավն էին, իրենց միջև այնքան լավ ընկերական հարաբերություններ էին, ճիշտ մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, որ ասում էի՝ երբ բանակից վերադառնան, որքան շատ բան են փոխելու մեր հասարակության մեջ»:

Ապրելու ուժի մասին: «Երբեմն զգում ես, որ ուժերդ մարում են, բայց չի կարելի դա թույլ տալ: Մեծ պատասխանատվություն ունենք մեր երեխաների, Սերոժի նկատմամբ: Սերյոժաս եղբայր ու քույր ունի: Իր հետ կապված այնքան հույսեր ունեինք, որոնք, վստահաբար, արդարացվելու էին: Իսկ հիմա դու և՛ իր փոխարեն, և՛ իր համար պետք է անես»:

Հ. Գ. - Սերյոժա Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Փոքր Վեդիի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ» «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ» Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել․ «Հրապարակ» «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կաշառքի գործով հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ» Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասըԻսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի Սանկտ Պետերբուրգում 7-րդ դասարանցին դասընկերոջը 18,2 մլն ռուբլի է տվել Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ (տեսանյութ) Ֆլիկ․ Երբ թիմն այսքան լավ է խաղում, գոլերը գետի նման հոսում են Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ, որքան հեռու լինի այս հարցերից, այնքան «լավ» բոլորի համար. Ալիևը՝ ֆոն դեր Լայենի հայտարարության մասինՌուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինային հարվածել է 145 ԱԹՍ-ով 2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ Խորեն Լևոնյանի ուղեկցությամբՂազախստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբերԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%Եթե Իրանի պարագայում ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք` Իսրայելի առաջնորդությամբ. ԹրամփNetflix-ի հետ պայմանագիր ունենք․ ՀՀ-ում ֆիլմ է նկարահանվելու. Ժաննա Անդրեասյան Հայաստանը Օմանում դեսպանատուն կբացի Էրդողանի գլխավոր խորհրդականը դժգոհ է Հայաստանի Սահմանադրությունից Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել. մանրամասներ Bloomberg-ը զգուշացրել է ԱՄՆ-ից նավթի Չինաստան արտահանման մոտալուտ փլուզման մասին Գազ չի լինի ՌԴ-ն և ԱՄՆ-ն Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի «Lexus» է այրվել. վիրավnրը տեղափոխվել է հիվանդանոցՈր քոլեջներն են միաձուլվելու«Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին. շեղող մարտավարությո՞ւն դեպի «թուրքական աշխարհ» շարժվելու ճանապարհին» Տեղումները կդիտվեն նաև ձյան տեսքով
Ամենադիտված