Փաշինյանն, ըստ էության, ծրագրում է հայկական ազգային նախագծի «ռեստարտ». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
politcom.ru–ն «Նիկոլ Փաշինյանի 14 կետերը» վերնագրով հոդվածում գրում է, որ փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը դիմել է համաքաղաքացիներին և, հայտարարելով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, ներկայացրել է «իրական Հայաստանի» մասին իր 14 կետերը։ Ինչպես և սպասվում էր, այդ թեման դարձել է ներհայկական քննարկման հիմնական թեման։ Նկատի ունենալով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ամբողջությամբ լուծված չէ, Փաշինյանի նախաձեռնությունը գրավել է նաև արտաքին դիտորդների հետաքրքրությունը։ Տեղի ունեցածի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացրել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Սեփական նախաձեռնությամբ Փաշինյանն, ըստ էության, ծրագրում է հայկական ազգային նախագծի «ռեստարտ»: Նա Սահմանադրությունը տեսնում է որպես ոչ թե ցրված էթնիկ խմբի, այլ «պետական ժողովրդի» հիմնական օրենք։ Այսպիսով, «իրական Հայաստանում», որն այդքան ակտիվորեն քարոզում է վարչապետը, Սփյուռքը էական դեր չի ունենա, իսկ հարևանների նկատմամբ տարածքային պահանջները, ինչպես նաև «աշխարհաքաղաքական մաքսիմալիզմը» կբացառվեն։
Հարկ է նշել, որ «պետություն» բառը, թերևս, ամենամեջբերվող բառն է Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանի» 14 կետում։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության, իսկ հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, նրանում գործող իրավունքների ու պարտավորությունների համակարգի հետ», - ասում է Փաշինյանը։
«Ազգը էթնիկ համայնք է, որը կապված չէ ընդհանուր քաղաքական իրավակարողությամբ, մինչդեռ ժողովուրդը քաղաքական կարողություններով օժտված և ընդհանուր քաղաքացիություն ունեցող համայնք է»,– ահա մի կետ, որը, կարծես թե, հատված լինի էթնոքաղաքական գիտական դասախոսությունից։ Բայց Փաշինյանի խնդիրը ոչ թե գիտական, այլ քաղաքական նախագիծ իրականացնելն է, որը ենթադրում է կենտրոնանալ ոչ թե հայերի, այլ Հայաստանի վրա։ Սա, թերևս, առանցքային գաղափարն է։ Այսինքն, Հայաստանի ներսում, առանց Սփյուռքի և առանց պատմական վերքերին ապավինելու, պետք է պետություն կառուցել։
Կհաջողի՞, արդյոք, Փաշինյանը այդ հավակնոտ նախագծում, ցույց կտա ժամանակը։ Նրա մրցակիցներն արդեն կոշտ գնահատականներ են տվել «իրական Հայաստանին»։ Նրանք նաև նշել են վարչապետի վարկանիշի անկումը և փորձերը՝ հնարավոր ընտրությունները ավելի վաղ ժամկետ տեղափոխելու և իշխող քաղաքական ուժի՝ իշխանության մնալը երկարացնելու համար։ Սակայն մինչ այժմ Փաշինյանին քննադատողները այնքան էլ հաջող և արդյունավետ չեն եղել նրա նախկին նախաձեռնությունների դեմ պայքարում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում