«Մենք ձեզ համար Ուկրաինա չենք»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը կատաղի արագությամբ վազում է դեպի ԵՄ, Փաշինյանը հույս ունի խաբել Ռուսաստանին և միևնույն ժամանակ, Հայաստանն առաջին տեղում է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների ծավալով, գրում է Bloknot.ru–ն։ Վերջերս Փաշինյանը ընդունել է ԵՄ–Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներկայացուցիչներին և բառացիորեն կոմպլիմենտներ շաղ տվել իր եվրոպական «գործընկերների» հասցեին: Նա հանդիպել է Խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Նիլ Ուշակովին և հանդիպման ժամանակ նշել «Հայաստան-ԵՄ ակտիվ երկխոսության և հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը», ինչպես նաև` ընդգծել փոխադարձ այցերի կարևորությունը: Մոսկվայից վերջերս հեռացած Փաշինյանը նշել է, որ ժողովրդական բարեփոխումների օրակարգը առաջնահերթ է Հայաստանի համար: Այդ համատեքստում նա ընդգծել է ԵՄ-ի կողմից հետևողական աջակցության կարևորությունը։ Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված «համաձայնությունների արդյունավետ և հետևողական իրականացումը» և նշել «Մյունխենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ վերջերս կայացած հանդիպման արդյունավետությունը»։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ ակտիվորեն զբաղվում է «Հայաստանում ԵՄ չափանիշների ներդրմամբ»: Գոնե Փաշինյանը ամեն ինչ անում է այդ գործընթացը հնարավորինս արագացնելու համար և եթե նախկինում, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ալիքով իշխանության եկած վարչապետը փորձում էր գոնե ֆորմալ կերպով իրեն բարյացակամ դրսևորել Ռուսաստանի նկատմամբ, ապա այժմ բոլոր դիմակները հանվել են։
Իրավիճակը կտրուկ փոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո, որը տեղի ունեցավ 2020 թվականին: Տարածքներ կորցնելուց հետո Փաշինյանը որոշել է ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին: 2023 թվականին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում նա կորցրել էր զսպվածությունը և մի քանի ագրեսիվ հարձակումներ կատարել Ռուսաստանի դեմ։ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ «մի օր կարող է արթնանալ և չտեսնել Ռուսաստանը Հարավային Կովկասում»։ Բացի այդ, Փաշինյանը Ռուսաստանի հետ ամրապնդված տնտեսական կապերն անվանել է «ռազմավարական սխալ»: Հեռանալով Մոսկվայից` Փաշինյանը նետվել է ԵՄ–ի գիրկը: Այնուամենայնիվ, նրանք այնքան էլ ուրախ չեն նրան այնտեղ տեսնել: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը միամտաբար ակնկալում է ԵՄ-ից ստանալ անվտանգության երաշխիքներ, որոնք, իբր, չի կարողացել ստանալ Մոսկվայից, նրա ծրագիրը կանխատեսելիորեն «սառեցվել է»։ Սակայն դրանից ԵՄ-ին անդամակցելու Փաշինյանի ցանկությունը միայն աճել է:
2025 թվականի հունվարի վերջին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել հակառուսական սկանդինավյան-բալթյան ութնյակի խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների պատվիրակությունները, իսկ հունվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է արևմտամետ շփումը ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի հետ Դավոսում։ «Մենք շատ արժեքավոր ենք Եվրամիության համար, և Եվրամիությանը նույնպես պետք է Հայաստանին»,- փետրվարի սկզբին ընդգծել է Հայաստանի արդարադատության նախկին նախարար և ԵՄ-ին երկրի անդամակցության արևմտյան քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանին չի հաջողվի որևէ ինտեգրում ԵՄ-ին, դրա համար անհրաժեշտ է տնտեսությունը բարձրացնել եվրոպական մակարդակի, ինչպես նաև համապատասխանել սահմանված չափանիշներին։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքում Հայաստանին ինչ-որ բան կխոստանան, բայց երկիրը ԵՄ-ին անդամակցություն չի ունենա»,- վստահ է փորձագետ Կոնստանտին Բլոխինը։
Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինի խոսքով, ամենաշատը, որ սպասում է Երևանին, հավերժական սպասումով երկրի կարգավիճակն է։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի համար դժվար կլինի մշտապես երկվեկտոր քաղաքականություն պահպանել՝ անդամակցություն ԵԱՏՄ–ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի, հակառակ դեպքում Երևանը կարող է բախվել Կիևի ճակատագրին: Սակայն Հայաստանում խնդրում են նման զուգահեռներ չանցկացնել։ «Մենք ձեզ համար Ուկրաինա չենք»,- ասում են տեղի քաղաքական գործիչները: Ի դեպ, RBC հրատարակությանը հաջողվել է պարզել, որ Հայաստանն առաջին տեղում է Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալով։ 2024 թվականի ընդամենը 11 ամսում (վերջին տվյալներ) Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 3,2 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ երկիրը փաստացի սնվում է Ռուսաստանում գործող հայկական բիզնեսներից, Նիկոլ Փաշինյանը հապճեպ փորձում է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից և մոտենալ ԱՄՆ–ի և ԵՄ-ի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը