«Մենք ունենք մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություն». Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մենք ունենք մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություն»,- ասուլիսում հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հիշեցրեց, որ մարտի սկզբին հայտարարել էր՝ կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը Հայաստանի տարածքում նորմայի սահմաններում։
«Սակայն վերջին 2-3 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր ազորյան անտիցիկլոնը տարածվեց ամբողջ Եվրոպայում, հասավ Թուրքիա, ճյուղավորումները հասան Հայաստան և Կովկաս։
Եվ այս մթնոլորտի շրջանառության էական փոփոխության արդյունքում մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է։ Կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը ոչ թե նորմայի մոտ, այլ կլիմայական նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,- ասաց Գագիկ Սուրենյանը։