Երկքաղաքացի հայերին վարորդական վկայականի նոր տարբերակ կտրամադրվի․ ինչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական, եթե այլ պետություններում ստացել են 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Նախագիծը մշակել ու կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հիմնավորման՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա ՀՀ ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու, սակայն դրա կարգավորումները, կիրարկումը բացակայում է։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքը պատասխանատվություն է սահմանում ՀՀ քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելու համար։ Սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, այցելում են ՀՀ և ՀՀ-ում վարում են տրանսպորտային միջոց իրենց քաղաքացիության մյուս երկրի կողմից տրված վարորդական վկայականով։
Նման կարգավորումը զրկում է վերը նշված կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ունենալով սահմանված կարգով ստացված և միջազգային իրավական ակտերին համապատասխանող վարորդական վկայական, ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելու հնարավորությունից, այդ թվում՝ զրկելով վերջիններիս իրենց տրանսպորտային միջոցները վարելով ՀՀ այցելելու հնարավորությունից։
ՆԳՆ-ի ծրագրածի համաձայն՝ նախագծի ընդունմամբ ազգային վկայականների տրամադրման գործընթացը կկարգավորվի։