«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված կասկածյալ է ձերբակալվել ԱՄՆ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։
Ինչպես հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Շարիֆուլլան ձերբակալվել է Պակիստանում և տեղափոխվել է Վիրջինիա, որտեղ կանգնելու է դատարանի առաջ։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ զրույցում նա խոստովանել է, որ զենքի տիրապետում է սովորեցրել հարձակման չորս մասնակիցներից երկուսին։
Հետաքննության վարկածով՝ նա ԻՊ-ի «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղի հանձնարարությամբ պատրաստել է ահաբեկչական գործողությունների մասնակիցներին։ Նա նաև խոստովանել է, որ մասնակցել է ԻՊ-ի կողմից կազմակերպված մի քանի այլ հարձակումների, այդ թվում՝ 2021 թվականին Քաբուլի օդանավակայանի վրա հարձակման նախապատրաստմանը, որի հետևանքով զոհվել էր 183 մարդ։ Շարիֆուլլային սպառնում է ցմահ ազատազրկում։
Մոսկվան դեռևս չի մեկնաբանել նրա ձերբակալությունը։
2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։