Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարն է դրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարտի 4-ին Հեյդար Ալիևին նվիրված նոր հուշարձանի հիմնաքարն է դրվել Մոսկվայում՝ Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող պուրակում, գրում է Bloknot.ru–ն: Հեյդար Ալիևը դեռ հեռավոր 1960-ականներին գլխավորել է ՊԱԿ-ի ադրբեջանական մասնաճյուղը, իսկ հետո բարձր պաշտոններ զբաղեցրել թե՛ Բաքվում, թե՛ Մոսկվայում: ԽՍՀՄ փլուզումից հետո հենց նրան հաջողվեց պահպանել կայունությունը առաջին Ղարաբաղյան պատերազմում հայերի կողմից կործանվող հանրապետությունում։ Նա իր որդուն՝ Իլհամ Ալիևին է հանձնել հզորացած, բայց վրեժխնդրության պատրաստ երկիր։ Ալիև կրտսերը երկար սպասեց, բարեփոխեց և վերազինեց բանակը, իսկ հետո ղարաբաղյան խնդրով զբաղվեց երկու փուլով՝ 2020 և 2023 թվականներին:
Իլհամ Ալիևը միշտ ձգտել է բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Բայց դա կարծես թե խաթարվեց 2024 թվականի դեկտեմբերի 25-ի միջադեպից հետո: Այն ժամանակ Գրոզնիի քաղաքացիական օդանավակայանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ վնասվել էր ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը, որն այնուհետև կործանվել էր Ղազախստանի Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 29-ը ողջ են մնացել, 38-ը մահացել են: Ադրբեջանը, չսպասելով անգամ միջադեպը հետաքննող հանձնաժողովի եզրակացություններին, կտրուկ հայտարարություն արեց` մեղադրելով Ռուսաստանին։ Ռուսաստանում Կրեմլին մոտ քաղաքագետներն ու հրապարակախոսները սկսեցին Իլհամ Ալիևին անվանել «բռի» և գրեթե բրիտանա-թուրքական լաքեյ։ Ռուսաստանի Դաշնությունում գործող և ադրբեջանցիներին պատկանող բիզնեսները «ճնշելու» կոչեր եղան, սակայն կրքերը հանդարտվեցին։ Բաքուն դադարել է ագրեսիվ հայտարարություններ անել, Մոսկվան նույնպես «խլացրել» է իր արձագանքը։ Փետրվարի վերջին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցուցադրական հաշտարար ժեստ արեց: Նա ինքնաթիռի ողջ մնացած բորտուղեկցորդներին պարգևատրեց «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մրցանակով։ Ադրբեջանն անմիջապես արձագանքեց դրական մեկնաբանություններով։
Ըստ ամենայնի, Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրումը շարունակում է հարաբերությունների կարգավորման միտումը։ Հետաքրքիր է այն, որ հուշարձան կառուցելու գաղափարը պաշտոնապես ներկայացվել է «մտահոգված հասարակության»՝ ԲԱՄ–ի վետերանների կողմից: 1980-ականներին Ալիև-ավագը ակտիվորեն վերահսկում էր այդ շինարարության գործընթացը: Այսինքն ստացվում է այնպես, որ ռուսական պետությունը մի տեսակ գործ չունի հուշարձանի կառուցման հետ։ Սակայն, իհարկե, սա հստակ ազդակ է թե՛ ԶԼՄ-ներին, թե՛ ցածր մակարդակի քաղաքական գործիչներին (օրինակ պատգամավորներին, որոնք հաճախ են կոշտ արտահայտվում) թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանում։
Երևանում, հավանաբար, մեծ մտահոգությամբ են հետևում հուշարձանի հիմնաքարի տեղադրմանը։ Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը ռազմական տեսանկյունից ի վիճակի չէ դիմակայել Ադրբեջանին։ Իրականում ոչ թե ուժերի բացակայությունն է Իլհամ Ալիևին խանգարում արագորեն օկուպացնել ողջ Հայաստանը, այլ աշխարհաքաղաքական հնարավոր բացասական հետևանքները։
Ինքը՝ Իլհամ Հեյդարովիչը, չի հոգնում հիշեցնել հայերին, որ Ղարաբաղում նրանք ամբողջությամբ կապիտուլյացիայի ենթարկեցին, հարցը լուծվեց առանց որևէ փոխզիջման։ Ավելին, նա կարծում է, որ 1920 թվականին խորհրդային իշխանությունը Հայաստանին անարդարացիորեն տվել է տարածքներ, որոնք Ադրբեջանն իրավամբ համարում էր իրենը, դա, այսպես կոչված, Արևմտյան Զանգեզուրն է։ Հայկական ԽՍՀ-ին անցնելու պատճառով Նախիջևանի տարածքն անջատվել է հիմնական ադրբեջանական տարածքից՝ դառնալով էքսկլավ։ Ի դեպ, հենց Նախիջևանում է ծնվել Հեյդար Ալիևը: Կրտսեր Ալիևն ի վիճակի է ռազմական ճանապարհով գրավել Արեւմտյան Զանգեզուրը։ Բայց առայժմ նա հայերին առաջարկում է «փոքր արյունահեղությամբ» ելք՝ պարզապես Ադրբեջանին արտատարածքային ճանապարհ տրամադրել դեպի Նախիջևան: Այսինքն տրանսպորտային զարկերակ, որով ադրբեջանցիները կկարողանան երթևեկել առանց հայ սահմանապահների ու մաքսավորների հսկողության:
Մոսկվայի հետ նորմալ հարաբերությունների վերականգնումն ակնհայտորեն ազատում է Բաքվի ձեռքերն այդ ուղղությամբ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի բոլոր չարաճճիություններից հետո ռուսական հասարակական կարծիքը բավականին անտարբեր է լինելու հայ-ադրբեջանական հերթական բախման և Հայաստանի հնարավոր տարածքային կորուստների նկատմամբ։
Ադրբեջանի նախագահն այժմ 63 տարեկան է։ Առողջ ապրելակերպ վարելով և որակյալ բժիշկների հսկողության տակ լինելով նա կարող է հեշտությամբ պահպանել լավ ֆիզիկական մարզավիճակը և ողջամտությունը մինչև 2050-ական թվականները: Երկիրը ստանձնելուց հետո նա սպասեց 17 տարի Ղարաբաղի հարցը լուծելուց առաջ: Հավանաբար Զանգեզուրը շատ ավելի շուտ կհայտնվի Իլհամ Հեյդարովիչի ձեռքում և հետո ապագայում, երբ նրա որդին ստանձնի նախագահի պաշտոնը, ապա Ադրբեջանն այդ ժամանակ հավանաբար տարածքային խնդիրներ այլևս չի ունենա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը