«Ալ Ջազիրա». Սիրիայում անցումային շրջանը կարող է տևել երեքից հինգ տարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում անցումային շրջանը կարող է տևել երեքից հինգ տարի, իսկ լիազորությունների մեծ մասը վերապահված է երկրի նախագահին: Այս մասին ասված է սահմանադրական հռչակագրի նախագծում, որի հիմնական կետերը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ Սիրիան, ըստ սահմանադրական հռչակագրի նախագծի, նախագահական հանրապետություն է լինելու։ Հռչակագրում նշվում է, որ երկրի օրենսդրությունը հիմնված է լինելու իսլամական իրավունքի սկզբունքների վրա։ Նշվում է նաև, որ ազգային բանակի հիմնական խնդիրը լինելու է «հայրենիքի և Սիրիայի քաղաքացիների պաշտպանությունը և երկրում քաղաքացիական խաղաղության պահպանումը»։ Զենքի տիրապետումը սահմանափակվելու է միայն պետական պաշտոնյաներով:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, սահմանադրական հռչակագրի նախագիծը հիմնված է երկրի սահմանադրության նախորդ խմբագրությունների վրա՝ «հատկապես 1950 թվականի հիմնական օրենքի սկզբունքների վրա»։
Սիրիայի անցումային կառավարության կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովը նախօրեին ավարտել է սահմանադրական հռչակագրի նախագծի նախապատրաստումը։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ խնդրո առարկա փաստաթուղթը պետք է մարտի 12-ին ներկայացվի Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային։