Երևանի տեսարժան վայրերը. ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանի մայրաքաղաքում
ՄՇԱԿՈՒՅԹ
Երևանը գրավում է ճանապարհորդներին իր հյուրընկալությամբ, բազմազան թանգարաններով, գեղատեսիլ այգիներով և հրապարակներով, գրում է pravda.ru–ն: Հնագույն ամրոցներն ու քրիստոնեական եկեղեցիները, սովետական վեհաշուք շինությունները և գողտրիկ հին բակերը կազմում են քաղաքի յուրահատուկ և վառ տեսքը:
Երևանը Անդրկովկասի մշակութային, քաղաքական և պատմական սիրտն է։ Այդ արևոտ քաղաքը գտնվում է գեղատեսիլ Արարատյան դաշտում, և տարբեր կետերից բացվում է տեսարան դեպի վեհաշուք Արարատ լեռը, որը Հայաստանի խորհրդանիշն է։
Էրեբունի ամրոցը Երևանի առաջին ամրոցն է, և այն այցելելը հիանալի սկիզբ կլինի այդ քաղաքի պատմությանը ծանոթանալու համար: Բերդը կառուցվել է 65 մետր բարձրության վրա ուրարտական թագավոր Արգիշտիի հրամանով մ.թ.ա. 782 թվականին։ Այդ ռազմավարական կարևոր դիրքը թույլ էր տալիս վերահսկել Արարատյան դաշտը և դեպի բերդ տանող բոլոր ճանապարհները։
Կոնդ թաղամասը հիմնադրվել է 15-րդ դարում և հիմք է դրել ժամանակակից քաղաքի համար։ Հայաստանի մայրաքաղաքի հենց կենտրոնում գտնվող Կոնդը, կարծես, տեղափոխվել է այլ դարաշրջանից։ Խորհրդային Միության տարիներին Երևանն ամբողջությամբ փոխվեց, իսկ Կոնդը գրեթե անփոփոխ մնաց։ Այստեղ պահպանվել է օսմանյան և պարսկական ճարտարապետությունը, իսկ փողոցների հատակագիծը չի փոխվել 18-րդ դարից։ Դա իսկական բացօթյա թանգարան է, որտեղ տիրում է յուրահատուկ մթնոլորտ՝ բակերում լվացք են կախում, սմբուկի խավիար են պատրաստում, ծերերը տարված են նարդի խաղով, իսկ փոքր երեխաներն ուրախ զբոսնում են փողոցներով։ Աստիճանաբար քանդվում են հին տները, դրանց փոխարեն ժամանակակից բնակելի շենքեր են կառուցվում։
Սևանա լիճը գտնվում է Երևանից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Գեղամի լեռներում։ Այն միջնադարում հայտնի է եղել Գեղամա ծով անունով։ Դա Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է, և այսօր մարդիկ գալիս են այստեղ՝ հանգստանալու տեղի հյուրանոցներից կամ զբոսաշրջային կենտրոններից մեկում, ճաշատեսակներ վայելելու սրճարաններում և փորձելու թարմ խեցգետիններ։ Երևանից դեպի Սևան քաղաք կա կանոնավոր հասարակական տրանսպորտ, իսկ այնտեղից տաքսիով կարող եք հասնել հենց լիճ։ Մայրաքաղաքից ճանապարհը կտևի մոտ մեկուկես ժամ։
Երևանում անհնար է սխալվել սննդի ընտրության հարցում, ուր էլ որ գնաս, միշտ կգտնես սրտանց ու համեղ հյուրասիրություն՝ մատչելի գներով: Իսկ եթե ձեր բախտը բերի, կարող եք նույնիսկ անվճար ճաշել հայտնի շուկաներում, որտեղ վաճառողներն իրենց հաճախորդներին հյուրասիրում են ամեն ինչ, այդ թվում գինի և չաչա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը