Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է. Ինչո՞ւ է Հնդկաստանը զինում Հայաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան որոշ չափով կապված է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի Ադրբեջան կատարած այցի հետ, գրում է Dzen.ru–ն։
Քանի որ Ադրբեջանի և Պակիստանի միջև հարաբերությունները զարգանում են, Հնդկաստանը փորձում է մեծացնել իր աջակցությունը Հայաստանին, ասել է քաղաքագետ Սամիր Գումբատովը։ «Մենք վաղուց գիտեինք Հարավային Կովկասում հնդկական զենքի առկայության մասին, ներկայումս ռազմական մակարդակով ինտենսիվ շփումներ կան Հնդկաստանի և Հայաստանի միջև»,- ասաց քաղաքագետը։
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերություններն ակտիվացել են ռազմական և քաղաքական ոլորտներում։ Հայաստանը պարտավորվել է 2024-2025 թվականներին Հնդկաստանից գնել մոտ 2 մլրդ դոլարի զենք։ Հիմնական պատճառը, թե ինչո՞ւ է Հայաստանը նախընտրում զենք գնել Հնդկաստանից, այն է, որ վերջինս ունի ռուսական արտադրության զենք, որը համապատասխանում է Հայաստանի սպառազինության համակարգերին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության համատեքստում Հնդկաստանը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, նշել է փորձագետը։
Գումբատովն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանից զենք գնելու լուրջ ֆինանսական ռեսուրսներ չունի։ Նրա խոսքով ավելի ճիշտ է խոսել Հայաստանին Հնդկաստանի զինելու մասին, քան զենք գնելու մասին։ «Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն է մատակարարում էժան գնով, իսկ որոշ զինատեսակներ նույնիսկ անվճար են: Դա նշանակում է, որ Հնդկաստանի առաջնահերթությունը հակադրվելն է այն երկրներին, որոնց հետ Պակիստանը բարեկամ է: Այդ առումով Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Հնդկաստան կարելի է դիտարկել որպես փոխադարձ քայլ Պակիստանի վարչապետի Ադրբեջան այցին»,- ընդգծել է քաղաքագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը