Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի զինված ուժերն ակտիվ գնդակոծում են Ուկրաինային սահմանակից ՌԴ Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանը, հայտարարել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով, իրավիճակը շարունակում է մնալ ծանր, գրում է kommersant.ru-ն:
«Ցավոք, Բելգորոդի մարզում մենք դեռևս ծանր իրավիճակ ունենք... Բոլոր ծառայությունները, առաջին հերթին՝ պաշտպանության նախարարությունը, սահմանային ծառայությունները, ինքնապաշտպանությունը, մարզի ղեկավարը, փոխնահանգապետը, բոլորն աշխատում են՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը», - ասել է Գլադկովը թելեգրամյան տեսաուղերձում։
Գլադկովի խոսքով՝ հրետանային գնդակոծություն է իրականացվում Զադորոժնի, Կրասնայա Յարուգա, Պրիլեսյե, Ստեպնոե, Վյազովոե, Գրաֆովկա, Դեմիդովկա, Իլեկ-Պենկովկա, Կոլոտիլովկա, Պոպովկա, Ստարոսելյե, Տերեբրենո գյուղերում և Ֆիշչե գյուղերի ուղղությամբ։ Ուկրաինական կողմից արձակվել է 29 արկ, անօդաչու թռչող սարքերով 49 հարված է հասցվել, 12-ը խոցվել է։
Ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերը նախկինում տեղակայել են հետևակ և ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ ականազերծման մեքենաներ։ Ռուսական կողմը նրանց ուղղությամբ կրակում է, և սահմանի խախտում չի գրանցվել։