Ծանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան
ՖՈՏՈ
«Շքանշան» բառն իր արմատներում ունի լատիներեն «ordo» բառը, որը նշանակում է «շարք, համայնք», ռուսերեն орден, այն առանձին հասկացություն է, նույն մեդալը չէ։ Առաջին նման իրերով պարգևատրումը հայտնվել է միջնադարյան Եվրոպայում՝ ասպետական եղբայրություններում, որոնք միավորում էին մարտիկների, որոնք հաճախ կապված էին վանական ավանդույթներով: Այդ էլիտար հասարակությունների անդամները սկսել էին կրել հատուկ տարբերանշաններ՝ շքանշաններ, որոնք խորհրդանշում էին իրենց անդամակցությունն այդ համայնքին, կարգին: Ընդ որում շքանշաններն ունեին թանկարժեք շղթաներ, կապիչներ, կրծքազարդեր և ժապավեններ, որոնք ցույց էին տալիս դրանց տիրոջ կարգավիճակն ու քաջությունը: Ժամանակի ընթացքում «շքանշան» սկսել են տալ ոչ միայն բուն համայնքների անդամներին, այլ նաև այլոց։ Բայց անգամ ասպետական դարաշրջանի անհետացումից հետո շքանշանների շնորհման կարգը պահպանվել է, այն է դրանք տրվում են միայն բարձր դասի մարդկանց, սակայն դրանք դարձել են վաստակի ճանաչման պետական խորհրդանիշներ։ Շքանշաններ սկսել են շնորհել այն անձնավորություններին, ովքեր նկատելի հետք են թողել համապատասխան պետության պատմության մեջ։
Մինչև 19-րդ դարը շքանշանի շնորհումը հաճախ ուղեկցվում էր ոչ միայն բուն շքանշանի հանձնմամբ, այլ նաև իրական արտոնություններով՝ դրամական վճարումներից մինչև ազնվականության իրավունք, երբեմն նույնիսկ ժառանգական: Այնուամենայնիվ բարձր կոչում չունեցող հասարակ զինվորի համար գործնականում անհնար էր նման պարգև ստանալը։
Ռուսաստանում շքանշանները հայտնվել են Պետրոս I-ի օրոք և պահպանվել նույնիսկ հեղափոխությունից հետո՝ խորհրդային ժամանակաշրջանում։ Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության կամ Կարմիր դրոշի շքանշանների նման մրցանակները դարձել են պետությանը հատուկ ծառայությունների ճանաչման խորհրդանիշներ։ Սակայն ԽՍՀՄ-ում մեդալների և շքանշանների տարբերությունը որոշ չափով լղոզված էր, և երկու պարգևներն էլ համարվում էին պետական բարձր պարգևներ։ Հետաքրքիր է այն, որ շքանշանները երբեք չեն արմատավորվել ԱՄՆ-ում: Պարգևատրման այդ համակարգը մերժվել է ի նշան ֆեոդալական Անգլիայի ավանդույթների խզման, որից Ամերիկան անջատվել էր 18-րդ դարի վերջին:
Ներկայումս անհնար է միանշանակ ասել, թե ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը։ Ամեն ինչ կախված է կոնկրետ դրա նշանակությունից և այն հանգամանքներից, որոնցում այն տրվում է: Այնուամենայնիվ, շքանշաններն ավելի հաճախ կապված են որոշակի ֆինանսական արտոնությունների հետ:
Կ. Խաչիկյան