Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Չուբուկչուն ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված մեդիա շրջագայության շրջանակում Հայաստան կատարած այցից հետո ներկայացրել է իր սեփական հաղորդումը թուրքական «NTV» հեռուստաալիքով, գրում է Infoteka24.ru–ն։
Հաղորդման ընթացքում ներկայացվել են հատվածներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցներից, ինչպես նաև Մարգարայի անցակետ այցելությունից։
Հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը, նշվել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչների միջև ավելի ինտենսիվ անմիջական շփում է տեղի ունենում, ինչը նախորդ տարիների համեմատությամբ որակվում է որպես կարևոր փոփոխություն։
Ընդգծվել է, որ գործընթացների արագացմանը նպաստում է տարածաշրջանային հավասարակշռությունը, որը փոխվել է Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ըստ Չուբուկչունի, չնայած պաշտոնական սահմանափակումներին, Հայաստանն ու Թուրքիան ունեն զգալի առևտրային և գործարար կապեր, որոնք ներկայումս իրականացվում են շրջանցիկ ուղիներով։
Կովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև կայունության, խաղաղության և Կովկասի տարանցիկ ուղիների ապագայի համար։
Զուգահեռաբար նաև նշվել է, որ միջազգային խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, շարունակում են ազդեցություն ունենալ տարածաշրջանում, և հատկապես Հայաստանի վրա, թեև Ռուսաստանի ազդեցությունը որոշակիորեն նվազել է։
Հայաստանի վարչապետի քաղաքականության վերաբերյալ նշվել է, որ 2021 թվականին, չնայած կոշտ քննադատություններին, Փաշինյանը վերընտրվել է, և կա պատերազմից հետո նոր ապագա կառուցելու անհրաժեշտություն։ Թեև հայ հասարակությունը պառակտված է Փաշինյանի դիրքորոշման շուրջ, սակայն նա շարունակում է իր քաղաքական գիծը, և Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մոտ «100000 հայերի» վերադարձի հարցը կարծես թե այլևս օրակարգային չէ։
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լրագրողը նշել է, որ 2022 թվականի հուլիսին հատուկ ներկայացուցիչների նշանակումից հետո կողմերը պայմանավորվել են բացել Մարգարա-Ալիջան անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Սակայն Թուրքիան հաճախ է իր դիրքորոշումը համաձայնեցնում Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը, քանի դեռ Հայաստանը չի համաձայնել որոշակի պայմանների։ Նշվել է, որ Ադրբեջանի պահանջները ներառում են նաև Հայաստանի սահմանադրական փոփոխություններ։
Ասվել է նաև, որ Հայաստանը չի ճանաչում «Զանգեզուրի միջանցք» անվանումը, քանի որ այն համարում է իր տարածքային ամբողջականության խախտում։ Փոխարենը նա առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը