Հայաստանն Ադրբեջանին հիշեցրել է խաղաղության արժեքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը չի բարելավվել, գրում է ng.ru–ն։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Բաքուն մեղադրում է Երևանին իր տարածքը գնդակոծելու մեջ։ Ըստ ադրբեջանական կողմի մարտի 16-ից 18-ը հայ զինվորականներն առնվազն վեց անգամ կրակ են բացել հրազենից։ Երբեմն կրակոցները եղել են միանվագ, երբեմն մի քանի ժամվա ընթացքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով հայերը հարձակվել են Ղարաբաղում գտնվող տարածքների վրա։ Ի պատասխան մեղադրանքների Հայաստանի ՊՆ-ն ամեն անգամ հայտարարել է, որ նման բան տեղի չի ունեցել։ Բացի այդ, նրանք հիշեցրել են, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է ստեղծել համատեղ մեխանիզմ՝ «հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և/կամ դրանց մասին տեղեկությունները հետաքննելու համար, սակայն Ադրբեջանը դեռ չի արձագանքել այդ առաջարկին»։ Այդ կապակցությամբ Երևանը պատրաստ է հետաքննել այն դեպքերը, որոնց մասին խոսում են Ադրբեջանի իշխանությունները, եթե տրամադրվի դրա համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մարտի 16-ին և 17-ին իր պարեկային խումբն ուղարկել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Դիտորդները ոչինչ չեն նկատել, որը կարող է հաստատել Ադրբեջանի մեղադրանքները։ «Իրավիճակը մնում է հանգիստ և խաղաղ, արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ։
Հանրապետության վարչապետի գրասենյակը նաև հիշեցրել է, որ Երևանը «առաջնորդվում է խաղաղության օրակարգով, որն անվիճելի վկայությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերի»։ Այդ կապակցությամբ Փաշինյանի գրասենյակը կոչ է արել Բաքվին խորհրդակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։ «Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանը գրավոր առաջարկություն է ներկայացրել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ (Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն) երկաթուղային բեռնափոխադրումների խնդիրը լուծելու համար: Ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու առաջարկն է սպասում Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ մենք հաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքն Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ»,- ընդգծել են վարչապետի գրասենյակից։
Սակայն Բաքուն այնքան էլ բարեհոգիորեն չէ տրամադրված։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հոդված է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ Հայաստանում ռևանշիստական միտումները լուրջ խոչընդոտ են երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում ռևանշիզմի շարունակական միտումը, Սահմանադրության և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են մնալ դիվանագիտական հարաբերությունների վերջնական կարգավորման ամենալուրջ խոչընդոտը»,– գրել է նա:
Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն առաջին հերթին վկայում են այն մասին, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը չի հանգեցնի դրա մոտալուտ ստորագրմանը։ «Սովորաբար հրետակոծությունների մասին հայտարարությունները համաձայնեցվում են բանակցային գործընթացի որոշ իրադարձությունների հետ։ Դրանք լսվեցին նաև մինչ այն, երբ Բաքուն և Երևանը հայտարարեցին, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու ձևերից մեկն է։ Դա մի տեսակ ճոճանակ է, եթե ինչ-որ դրական բան է լսվում, ապա պետք է ինչ-որ սպառնալիք էլ լսվի, և հակառակը»,- կարծիք է հայտնել Իսկանդարյանը։
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն էլ կարծում է, որ հայկական կողմից հրետակոծությունը կարող է սովորական սադրանք լինել, որը ոչ մի բանի վրա լուրջ ազդեցություն չի ունենա։ Սակայն խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի մինչև իշխանությունները Հայաստանի կառավարությունը Սահմանադրության նախաբանից չբացառեն Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։
«Պատմությունը գիտի դեպքեր, երբ միջազգային փաստաթղթերը կորցնում են իրենց նշանակությունը 10-20 տարի անց։ Նույնը կարող է լինել խաղաղության պայմանագրի հետ, եթե որոշ ժամանակ անց Հայաստանում իշխանության գան ռևանշիստները և հայտարարեն, որ Փաշինյանը ստորագրել է Սահմանադրությանը հակասող պայմանագիր։ Սա հիմնարար խնդիր է, մնացածը, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կարող է արագ լուծվել», - ասել է Շաֆիևը ng.ru-ի հետ զրույցում։ Նրա խոսքով, Բաքուն բավարարված չէ խաղաղության պատրաստակամության մասին Երևանի հայտարարություններով, նա նրանից գործնական քայլեր է ակնկալում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը