Ամերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM):
Մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված քայլերից։
Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ի ստորագրած որոշմանը՝ Կոնգրեսի հաստատած «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։
«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ՝ գրեթե առանց հիմնավորման, ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է», - նշել է դատավորը:
Հաջորդ փուլում դատարանը կքննի ռադիոկայանի այն հայցը, որով լրատվամիջոցը պահանջում է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունից տրամադրել Կոնգրեսի հատկացրած մոտավորապես 77 միլիոն դոլարը՝ ընթացիկ ֆինանսական տարվա մնացած մասի համար՝ մինչև 2025-ի սեպտեմբերի վերջը: