Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
pravda.ru–ն «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել և ԱԺ նիստի օրակարգում ընդգրկել է Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը (Ազգային ժողովն արդեն ընդունել է երկրորդ ընթերցմամբ-«Փաստ»)։ Եվ դա՝ ԵՄում հակառուսական օրակարգի ուժեղացման, Եվրամիության կողմից Կիևի ռեժիմի ագրեսիվ աջակցության, ինչպես նաև նույն ուղին ընտրած ուկրաինական ռեժիմի բացասական օրինակի համատեքստում։
Գլոբալ հետազոտությունների և միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինի կարծիքով, Հայաստանը, որը ցանկանում է քաղաքական և ռազմական խնդիրները տեղափոխել ԵՄ, չպետք է «անվտանգության հովանոցի» կամ տնտեսության մեջ ներարկումների հույսեր ունենա։ «Դրանք կեղծ ակնկալիքներ են, քանի որ ԵՄ-ն ընդհանուր սահման չունի խնդրաշատ Հայաստանի հետ: Բացի այդ, ԵՄ-ին բավարարում են իր խնդիրները,ասել է փորձագետը pravda.ru–ի հետ զրույցում և հավելել.– Եվրամիության ինչի՞ն է պետք տարածքային խնդիրներ և մլացող ռազմական հակամարտություն ունեցող Հայաստանը: Ամենայն հավանականությամբ, Երևանը երկար ժամանակ կպահվի երկրորդ պլանի վրա, քանի որ պատրաստ չէ միանալու: Հատկապես, եթե Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակվի»:
Ըստ նրա, Ռուսաստանը կարձագանքի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացակարգի մեկնարկին, քանի որ ԵԱՏՄ անդամ է և մեծ օգուտներ է ստանում աշխատանքի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայից։ Եվ Երևանը գիտի, որ կարող է կորցնել այդ ամենը։ «Հայաստանի իշխանությունները, ֆինանսավորելով հասարակական կազմակերպություններին, խթանում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրային տրամադրությունները, որպեսզի պարզապես թուլացնեն կապերը Ռուսաստանի հետ»,- ասել է Վադիմ Կոզյուլինը՝ հավելելով, որ Ռուսաստանի շահերից չի բխում, որ նման գործընթաց լինի։
Փորձագետների ամենապահպանողական գնահատականներով, ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վրա կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը։ Դա կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի կրճատումը, գործազրկության աճն ու գնաճը կհանգեցնեն բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման։ Ավելին, հայտնի է, որ ԵՄ բոլոր պոտենցիալ անդամները պետք է իրենց օրենքները համապատասխանեցնեն եվրոպական իրավունքի սկզբունքներին։ Դա Երևանի համար հակառուսական պատժամիջոցներին միանալու և Ուկրաինային զենք մատակարարելու անհրաժեշտություն կառաջացնի, ինչը Հայաստանին ինքնաբերաբար կտեղափոխի Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների կատեգորիա։
Նիկոլ Փաշինյանի առաջ այժմ երկու չափազանց բարդ խնդիր է դրված՝ պահպանել իշխանությունը 2026 թվականին և անցկացնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե՝ վերացնելով տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանի համար կարևոր ցուցիչ են լինելու մարտի 30-ի Գյումրու ՏԻՄ ընտրությունները, որտեղ իշխանական թեկնածուն այս պահին զիջում է մյուս ուժերին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում