Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի երեք նախկին նախագահներն իրար մեջ հակասություններ ունեն, բայց մի հարցում համակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ և բուժման կարիք ունեցող անձ է։
Փաշինյանը երեկ խորհրդարանում կրկին բղավում էր, կռվում նախկինների ստվերի հետ, վիրավորում ու սպառնում։ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանի նախկին ղեկավարները թեկուզ հայտարարում են, որ իր հետ չեն ցանկանում բանավիճել, սակայն իրենց հարազատներին ուղարկում են ասուլիսների: «Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, երեքիդ էլ վերաբերում է, ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,- բղավում էր Փաշինյանը, իսկ նրա կուսակիցները շշմած նայում էին, թե ինչպես է գալարվում վարչախմբի պարագլուխը։
«Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը»,- Փաշինյանի հիստերիային արձագանքել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Կարձագանքեմ Սերժ Սարգսյանի մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանը բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը «մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է»,- սա էլ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքն է։
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբալի չլիներ։ Փաստացի, Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները գիտակցում են, որ երկրի ղեկը հոգեկան հիվանդի ձեռքին է, բայց ոչինչ չեն ձեռնարկում՝ համախմբվելու, միասնական ճակատով Փաշինյանի դեմ պայքարելու համար։ Թեպետ, միայն այդ եղանակով է հնարավոր փրկությունը։
Աննա Աբգարյան