Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Այսօր Փարիզում տեղի է ունեցել այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որտեղ քննարկվել է, մասնավորապես, Ուկրաինայի տարածքում «երաշխավոր ուժերի» տեղակայման հարցը։ Այս մասին, unn.ua-ի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Գագաթնաժողովին մասնակցել են 31 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինային աջակցությունը ռուսական ագրեսիան զսպելու, արդար և կայուն խաղաղության հասնելու հարցում, Ուկրաինայում երաշխիքային ուժեր տեղակայելու հեռանկարը՝ որպես ԱՄՆ-ի աջակցությամբ ապագա խաղաղ կարգավորման մի մաս», - ասվում է հայտարարության մեջ։
Այսպես կոչված «կամավորների կոալիցիան»՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ, այն երկրների հանախումբն է, որը պատրաստ է օգնել Ուկրաինային խաղաղապահ զորակազմով: Մարտի 12-ին Փարիզում հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները՝ խոստանալով կոնկրետ քայլեր եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու և Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։
Մարտի 17-ին Սթարմերը հայտարարել է, որ ավելի քան 30 երկրներ կմիանան «կամավորների կոալիցիային», և դրանցից որոշներն արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակում։