Քաղաքական ցուգցվանգի ու ցայտնոտի հետևանքները. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի կառավարման յոթ տարիներին բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել՝ խորհրդարանականներից սկսած, ՏԻՄ ընտրություններով վերջացրած, ու այդ ընտրական գործընթացներին բնորոշ որոշ օրինաչափություններ գնալով ավելի ակնհայտ են դառնում։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն անընդհատ գլուխ են գովում, թե իրենք ազատ ու արդար ընտրություններ են անցկացնում, ժողովրդավարության ջատագովներ են, ապահովում են, որ ընտրողների ամեն մի քվեն տեղ հասնի, իրականում «փաշինյանական» բոլոր ընտրություններն էլ լրիվ հակառակ պատկերն են ի ցույց դնում:
Օրինակ՝ եթե դիտարկենք ընտրությունների ընթացքը, ապա կարող ենք տեսնել, որ դրանք ուղեկցվում են քրեական գործերի հարուցմամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հետապնդումներով ու իրավապահների կողմից տարբեր շոուների բեմադրմամբ։ Սովորաբար այն ժամանակ, երբ ընտրությունների անցկացմանն ընդամենը շատ քիչ ժամանակ է մնացել, հանկարծ իրավապահները «քնից արթնանում են», հիշում են «չարաշահումների» մասին, և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվում, նրանց գրասենյակները խուզարկվում են և այսպես շարունակ։
Ու իշխանություններն այնքան պարզունակ են գործում (կամ «թքած ունենալու» տարբերակով), որ բոլորի համար է պարզ և ակնհայտ՝ այդ բոլոր «գործերը» քաղաքական ենթատեքստ ունեն. բնականաբար, այդ ամենը կատարվել ու կատարվում է ընդամենը մեկ նպատակով՝ հնարավորինս ազդել ընտրությունների ելքի վրա՝ հաշվի առնելով, որ գործող իշխանությունը որևէ տարածքում առանց այդ ամենի առարկայական քվե ստանալու որևէ շանս պարզապես չունի: Մնում է շոուների ու հետապնդումների միջոցով հանրային կարծիքը մանիպուլացնել, արատավորել մրցակիցների համբավը, հնարավորինս խոչընդոտել նրանց գործունեությունը։
Պարզապես այս գործիքակազմն իշխանություններն իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ այնքան են կիրառել, որ շատ դեպքերում այսպիսի գործելակերպը չի էլ ազդում ժողովրդի տրամադրությունների վրա։ Նույնիսկ ընդհակառակը: Ավելին, շատ դեպքերում հարուցված քրեական գործերը (նախաձեռնված քրեական վարույթները) ճանապարհի կեսից ուղղակի քանդվում են, բայց այդ ժամանակ արդեն ընտրական գործընթացներն անցած են լինում, իսկ շոուն՝ կյանքի կոչված։
Մյուս կողմից՝ եղել են դեպքեր, որ «իրավական» գործիքակազմը քաղաքական նկատառումներով կիրառվել է ընտրություններից հետո՝ այս անգամ արդեն ընդդիմության կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ։ Այդպիսի օրինակները քիչ չեն՝ սկսյալ Վանաձորից, որտեղ տեղի ունեցած համայնքային ընտրություններից հետո քրեական հետապնդումների գործիքակազմի միջոցով թույլ չտվեցին, որ ընտրված քաղաքապետը պաշտոնավարի։ Զուգահեռ այլ համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, թե՛ «իրավական», թե՛ այլ միջոցներ են կիրառվել՝ ընտրությունները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ անցկացնելու համար:
Իշխանություններն առաջնորդվում են բոլոր մակարդակներում պետական կառավարման օղակները ուզուրպացնելու, բռնազավթելու մոտեցմամբ, իսկ նրանց այն հայտարարությունները, թե ժողովուրդն է որոշում՝ ով իշխի Հայաստանում, ընդամենը միֆ է. իրականում մեկ անձնավորություն է որոշում այդ ամենը՝ թքած ունենալով թե՛ օրենքների, թե՛ ժողովրդի վրա։
Մինչ հանրապետությունում հանցավորության մակարդակը՝ հատկապես ծանր հանցագործությունների, շարունակաբար աճում է ու դարձել է ամենօրյա լրահոսում տեղ գտնող երևույթ, իրավապահ մարմինները, իրենց բանուգործը թողած, օրուգիշեր աշխատում են ընդդիմադիրների ուղղությամբ, որպեսզի նրանց նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնվեն։ Բնականաբար, ժամանակի ընթացքում էլ քաղաքական հետապնդումների երևույթը ավելի մեծ ծավալներ է ստանում։ Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն առաջնորդվում իրավապահներին իր իշխանության ձեռքին գործիք դարձնելու և քաղաքական հարցեր լուծելու նպատակով։ Պատասխանը շատ պարզ է՝ Փաշինյանի միակ հենարանն այդ կառույցներն են մնացել, ու ինքը շատ լուրջ մտավախություններ ունի, որ օրինական ճանապարհով իր քաղաքական ուժն այլևս ոչ միայն իշխանություն չի լինի, այլև կոալիցիոն կառավարման հնարավորության չի հասնի թե՛ համապետական ընտրություններում, թե՛ տեղական ինքնակառավարման ընտրություններում։
Բանն այն է, որ ՔՊ-ն պտտվում է բացառապես Փաշինյանի առանցքի շուրջ։ Իսկ եթե Փաշինյանի վարկանիշը շրիշակից ցածր է, բնական է, որ կուսակցությունը որևէ շանս չունի, իսկ եթե Փաշինյանը հանկարծ դուրս գա խաղից, ապա կուսակցությունը փշուր-փշուր կլինի: Դրա համար էլ գնալով ավելի ընդգծված է դառնում ցուգցվանգային վիճակը։ Ու իրենց տոտալ պարտությունը հետաձգելու նպատակով Փաշինյանը գործի է դնում ձևախեղված ավտորիտարիզմի մեթոդները՝ առաջնորդվելով հակաժողովրդավարական քայլերի կիրարկմամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում