«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս Մ-11 ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Անտոն Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ս․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացնել հերթապահություն:
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։