Փոխում է կողմնորոշումը. ինչո՞ւ է Հայաստանը ծրագրում անդամակցել Եվրամիությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել երկրի Եվրամիությանն անդամակցելու օրինագծին։ Քննարկման ընթացքում մի քանի էական փոփոխություններ են կատարվել փաստաթղթում։ Այսպիսով, նախագծից հանվել է «ինտեգրում» տերմինը, այժմ խոսվում է միայն «անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին։ Բացի այդ, անհետացել է հայ ժողովրդի միասնական կամքի մասին հիշատակումը, սակայն հայտնվել են թեզեր երկրի ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, բարեկեցությունը բարձրացնելու և անվտանգությունն ամրապնդելու ցանկությունների մասին, գրում է Iz.ru–ն։
Հայ քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը կարծում է, որ մոտ ապագայում եվրաինտեգրման մասին օրենքը կընդունվի։ «Ես համարում եմ, որ այս դեպքում մենք չենք խոսում ԵՄ-ին Հայաստանի իրական անդամակցության մասին: Դա տեսադաշտում ամենևին էլ չկա, Արևմուտքը բազմաթիվ ներքին կոնֆլիկտներ ունի, ԱՄՆ–ի նոր վարչակազմը կոշտ հակասությունների մեջ է ԵՄ–ի հետ, Հայաստանի ժամանակը չէ: Ուստի կարծում եմ, որ այս դեպքում խոսքը բացառապես ներքաղաքական պայքարի մասին է։ Փաստն այն է, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Իշխող թիմը կարծում է, որ արևմտամետ օրակարգը միավորներ կավելացնի իրեն, ուստի պարբերաբար համապատասխան նման լուրեր կտարածվեն», –պարզաբանել է նա։
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի ամբիոնի վարիչ Վլադիմիր Նովիկովն էլ ասել է, որ Փաշինյանին ձեռնտու է տեղի ունեցողը ներկայացնել որպես այնպիսի ժողովրդական նախաձեռնություն, որը իշխանությունները պարզապես չեն կարող անտեսել։
«Փաստորեն, այստեղ կա քաղաքական հաշվարկ, իշխող կուսակցության վարկանիշն այս պահին ամենացածրն է, և նման նախաձեռնություններով նրանք ցանկանում են իրենց կողմը գրավել եվրոպամետ ընտրազանգվածին՝ միարժամանակ փորձելով չօտարել ռուսամետ ընտրողներին։ Մեզ հայտնի է Երևանի պաշտոնական դիրքորոշումը, որտեղ ասվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն իբր չի հակասում ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը։ Իրականում ակնհայտ է, որ հակասություն կա, բայց Երևանում գերադասում են դա չնկատել»,– պնդել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը